ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 29-ին, այցելել է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան եւ Հայաստանի ազգային պատկերասրահ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ թանգարանում նա դիտել է «Միջին Արեւելքի արվեստ. Մարկոս եւ Սաբրինա Գրիգորյանների հավաքածու» ցուցահանդեսը: 2500 բնօրինակ ցուցանմուշներ ընդգրկող հարուստ հավաքածուի ցուցադրման համար Գրականության եւ արվեստի թանգարանի կողմից ժամանակին հատկացված տարածքը հիմնանորոգվել եւ նոր մշտական ցուցադրությամբ է ներկայացել ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Հանրապետության Նախագահը ծանոթացել է ցուցասրահներում ներկայացված աշխատանքներին, դրանց պատշաճ ներկայացման համար ստեղծված պայմաններին:
Ազգային պատկերասրահում նախագահն այցելել է «Եղիշե Թադեւոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Վահագն Գրիգորյանի հավաքածուներ» ցուցահանդես՝ նվիրված մեծանուն նկարչի ծննդյան 145-ամյակին: Պատկերասրահում Սերժ Սարգսյանը դիտել է նաեւ աշխարհահռչակ հայ նկարիչներ Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը եւ Սեդրակ Առաքելյանի «Հայրենի բնաշխարհի ու գյուղական կյանքի քնարերգու» խորագրով ցուցահանդեսը:






























