Enerco Enerji թուրքական ընկերությունը չի հաստատել լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, որ «Գազպրոմը» 6 թուրքական ընկերությունների համար չեղարկել է 10.25 տոկոսի չափով զեղչը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
«Տեղեկություններն այն մասին, թե «Գազպրոմը» 6 թուրքական ընկերությունների համար չեղարկել է 2015թ. հունվարի 1-ց գործող 10.25 տոկոսի չափով զեղչը, չեն համապատասխանում իրականությանը։ «Գազպրոմը» չի կարող սեփական նախաձեռնությամբ փոխել պայմանագրում նշված գինը կամ չեղարկել զեղչը։ Եթե կա գինը վերանայելու դիմում, կողմերը 6 ամսվա ընթացքում բանակցություններ են վարում։ Եթե արդյունքի չեն հասնում, կարող են դիմել միջազգային արբիտրաժ, ինչպես տեղի է ունեցել Botas-ի եւ «Գազպրոմի» միջեւ»,- ասված է ընկերության մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, թե «Գազպրոմը» 6 թուրքական ընկերությունների համար չեղարկել է 10.25 տոկոսի չափով զեղչը։


























