ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը այսօր՝ հունվարի 29-ին, Հայաստանի ՊՆ-ում քննարկել է կառույցի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման հարցը:

ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած այցի (2016թ. հունվարի 27-29-ը) շրջանակներում հունվարի 29-ին ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, այդ թվում կազմակերպության կոալիցիոն ուժերի եւ միջոցների ղեկավարման, միացյալ շտաբի գործունեության ու զինված ուժերի ներկայացուցիչների ինստիտուտի կատարելագործում,  ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծում ու գործառույթների կազմակերպում եւ դրա համագործակցությունը համապատասխան ազգային կենտրոնների հետ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների բուհերում զինվորական կադրերի եւ մասնագետների պատրաստում:

Կողմերն անդրադարձան նաեւ ընթացիկ տարում ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կոմիտեի եւ ռազմական կոմիտեի նիստերի նախապատրաստմանն անչվող խնդիրներին, ինչպես  նաեւ մի շարք միջոցառումների իրականացմանը (այդ թվում օպերատիվ եւ մարտական պատրաստության), որոնք  ուղղված են վերոնշյալ հարցերի եւ 2016թ. ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում գերակա ուղղությունների կատարմանը: