ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդում է, որ նոր Ընտրական օրենսգրքի շրջանակում քննարկվող ռեյտինգային համամասնական ընտրակարգը ավելի վատ տարբերակ է, քան մինչեւ այս պահը Հայաստանում գործող մեծամասնական ընտրակարգը։
Թեեւ իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ ընտրատարածքները 41-ից կրճատվելու են մինչեւ 13-ը, սակայն, ըստ Ջհանգիրյանի, սա էական նշանակություն չի ունենալու, քանի որ եթե նախկինում 41 թեկնածու իշխանությունն առաջադրում էր այդքան տարածքում, ապա հիմա նույնքան թեկնածու ներկայացնելու է 13 ընտրատարածքում։ Ռեյտինգային ցուցակում ընդգրկվելու են այն պատգամավորները, որոնց տեղամասերը ներգրավվել են տվյալ տարածքում։
«Վաղուց եմ ասել, որ եթե ռեյտինգային համամասնական տարբերակն է լինելու, դա ավելի վատ մեծամասնական մոդել է, քան գործողը։ Որեւէ նշանակություն չունի, որ ընտրատարածքները միավորվելու են եւ թիվը պակասելու է։ Մեկ ընտրատարածքում իշխանությունը կարող է ներկայացնել, ոչ թե մեկ, այլ 13 թեկնածու։
Քննարկվող էլեկտրոնային քվերակության տարբերակը եւս ապահովագրված չէ կեղծիքների տեխնոլոգիայից, եթե ընտրական ցուցակները շարունակելու են մնալ ուռճացված տեսքով եւ հաշվառումից չհանվեն երկրից բացակայող քաղաքացիները։
«Էլեկտրոնային քվեարկության տարբերակը բավական դրական նշանակություն ունի, բայց հենց էլեկտրոնային քվեարկության ու թվերի էլեկտրոնային փոխանցման տարբերակն էլ կարող է շատ մեծ կեղծիքների հնարավարություն ստեղծել, դրա համար ես որոշակի կարծիք չեմ ասում դրա մասին, կնայենք, կքննարկենք, նոր միայն կխոսենք դրա մասին։ Կեղծիքների դեմ պայքարի միջոցը նախ ընտրողների ցուցակների մաքրումը պետք է լինի, փաստացի բնակվողների ցուցակի հրապարակումը եւ նաեւ քվեարկված, ստորագրված ցուցակների հրապարակումը»,- արձանագրել է Գագիկ Ջհանգիրյանը։
Մեր հիշեցմանը, որ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում բացառել էր այդ տարբերակը՝ նշելով, որ այն հակասում է Վենետիկի հանձնաժողովի կողմից հաստատված ընտրությունների պատշաճ անցկացման կանոններին, ՀԱԿ պատգամավորն ասաց. «Դա արդեն ենթադրում է բովանդակային քննարկում, այժմ ես չեմ մտնի բովանդակային քննարկման մեջ, թե ով ինչ է բացառում եւ ինչու։ Նախագիծը կներկայացվի խորհրդարան, կքննարկենք, որից հետո կխոսենք մանրամասների մասին»։
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը անդրադառնալով ռեյտինգային համամասնական ընտրակարգի մոդելին՝ հայտարարել էր, որ այն երկրները, որոնք համարվում են ավանդական համամասնական ընտրակարգով առաջ ընթացող երկրներ, բոլոր այդ երկրներում օգտագործվում է ռեյտինգայինի այս կամ այն տարատեսակը։




























