Երեւանի Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցում 2015թ. փետրվարին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 50–ամյա Ռազմիկ Ավետիսյանն այսօր՝ հունվարի 29-ին, դատարանում նախաքննական ցուցմունքին հակասող ցուցմունք տվեց:
Ռազմիկ Ավետիսյանը հերքեց նախաքննական ցուցմունքում իր այն գրածը, որ մի քանի անգամ նախկինում ուշաթափվել է, էպիլեպսիա է ունեցել, նաեւ որ դեպքի օրը նախքան քննչական վարչություն գնալն է իմացել, որ վթարի հետեւանքով երեխաներ են մահացել:
«Մենակ հիշում եմ, որ մեքենայով թեքվեցի դեպի աջ ու էլ ոչինչ չեմ հիշում: Երբ գիտակցության եմ եկել ավտոյի մեջ, տեսել եմ՝ կինս արյունոտ է կողքս: Հիշում եմ, որ դուռը բացել են, փորձել են իջեցնել ինձ, բայց թե ինչ են ասել, ես ինչ եմ ասել, չեմ հիշում: Դուրս եմ եկել, շրջանցել եմ մեքենան, կնոջս հանել եմ մեքենայից ու հետը գնացել եմ մինչեւ թաղապետարանի մուտքը, էդտեղի կանայք ասել են՝ թող, արյունները կմաքրենք : Հետո ես զանգել եմ որդուս, որ ինձ բաճկոն բերի, քանի որ բաճկոնս արյունոտ էր, ու էդ ընթացքում, երբ իջնում էի, որ վերցնեի բաճկոնս, ճանապարհային ոստիկան մոտեցավ, ասեց՝ նստի: Հետո գնացինք ոստիկանություն, էնտեղից էլ՝ քննչական վարչություն, ու քննչական վարչությունում նոր իմացել եմ, որ երեխաներ են մահացել»,- իր ցուցմունքում ասաց Ռազմիկ Ավետիսյանը:
Ռազմիկ Ավետիսյանը պնդեց, որ ինքը էպիլեպսիա հիվանդությամբ տառապել է միայն 10 տարեկանում, բուժում է ստացել դրա դեմ ու ապաքինվել է:
«Քառասուն տարի գիտակցության կորուստ չեմ ունեցել, մի անգամ եմ վատացել, դա եղել է փետրվարի 19-ին, ակնթարթային: Երբեք Էրեբունի ԲԿ-ում չեմ բուժվել էպիլեպսիայի դեմ»,- ասաց նա՝ նշելով, որ ծառայել է բանակում, ինչի համար բժշկական քննության է ենթարկվել, էպիլեպսիա չի հայտնաբերվել իր մոտ:
Նշենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ամբաստանյալին կտրականապես արգելվում էր մեքենա վարել, քանի որ նա տառապում է էպիլեպսիայով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռ.Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։
Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել:



























