Տերյան 25, 23, Լալայանց 37 շենքերի բնակիչները, որոնք մի քանի ամիս առաջ դիմել էին ոստիկանություն՝ իրենց բնակարանները ցածր գնահատած «ԱՄԻԿՈՄ» ՍՊԸ-ի դեմ քրեական գործ հարուցելու համար, բողոքում են, որ քրեական գործը հարուցվել է եւ արդեն երկար ժամանակ է քննությունը չի սկսվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տերյան 23-ի բնակիչ Վարդան Գերավետյանը՝ հավելելով, որ «ԱՄԻԿՈՄ» ՍՊԸ-ի տնօրեն Պյոտր Գրիգորյանցը, որը 2014թ. բնակիչների բնակարանների տեղազննություն է կատարել, անշարժ գույքի գնահատողի համապատասխան փաստաթղթեր չի ունեցել, մասնագիտական որակավորման ստուգում չի անցել:
«Իրավական հիմքեր կան, որ գործը դատարան գնա, քանի որ բնակարանների գնահատումը շուկայականից քիչ ա եղել, «ԱՄԻԿՈՄ» ՍՊԸ-ի տնօրեն Պյոտր Գրիգորյանցը 2014թ. տեղազննություն կատարելու ընթացքում համապատասխան լիցենզիա չի ունեցել: Ինքը չունենալով համապատասխան փաստաթղթեր` կատարել է գործողություններ, որոնք իրավունք չուներ: Սրանք ակնհայտ խախտումներ են, բայց դատարանները բանի տեղ չեն դնում»,-ասաց Վարդան Գերավետյանը:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Գերավետյանը նշել էր, որ «ԱՄԻԿՈՄ» ՍՊԸ-ը 26 սեփականություն սխալ է գնահատել` Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանի 1 քմ-ը 800 դոլար: բնակարան չի կարող լինել:
Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս ոչ ոքի Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ընկերությունից բացի, իրավունք չունեն բնակարանները վաճառել։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի եւ Լալայանց 37 շենքի կառուցապատողը դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:
Դատարանի որոշմամբ՝ երկու ընտանիք պետք է երկամսյա ժամկետում դուրս գա բնակարաններից: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առաջ է կանգնած 24 ընտանիք։



























