Արագածոտնի մարզի Արտենի գյուղում բնակվող Վարդան Խաչատրյանը վերջին 5 տարիներին վաճառել է ամբողջ սեփականությունը՝ դիալիզ ստացող դստեր՝ 19-ամյա Նարինեի բուժման համար անհրաժեշտ գումարը հայթայթելու համար, բայց առայժմ միայն կարողացել է ճանապարհածախս հոգալ՝ դստերը հիվանդանոց տանել-բերելու համար:
«Անասուն, ոսկեղեն, սեփականություն, ինչ ունեի-չունեի ծախեցի, չկարողացանք այդքան գումար հավաքենք, որ երիկամը փոխպատվաստեն: Հիմա էլ սենց հուսահատված, տանում ենք դիալիզի, բերում ենք կամ ես, կամ կինս»,- պատմում է Վարդան Խաչատրյանը:
Խաչատրյանների միակ ունեցվածքն այժմ 2 անասուն է, որոնցից ստացած եկամուտով ու համագյուղացիների, ծանոթների օգնությամբ օրը մեջ Նարինեին գյուղից Երեւան են բերում՝ դիալիզի:
«Մեկուկես ժամվա ճանապարհը տրանսպորտով տանում, բերում ենք: Հեշտ չի նայել, թե ոնց ա երեխես էս ցրտին կանգնած սպասում գազելին: Առավոտ 8-ին պետք ա գնան, որ հասցնեն վերջին մեքենայով էլ հետ գան, որովհետեւ ոչ մեկ չունենք Երեւանում, որ իրանց տանը մնան»,- ասում է աղջկա հայրը ու պատմում, որ այս տարվա առատ ձյունն էլ հավելյալ խնդիրներ էր առաջացրել, փակ ճանապարհների պատճառով օր է եղել, որ գյուղից մայրաքաղաք հասնող տրանսպորտը չի աշխատել. «Զանգեցի, բժշկին ասեցի՝ որ մի օր ուշացնենք, հնարավոր կլինի՞, ասեց՝ մտածո՞ւմ ես՝ ինչ ես ասում: Ես էլ ստիպված չասեցի՝ ինչ ա եղել, ընկա, մի տեղից մեքենա ճարեցի, որ երեխուն հասցնենք դիալիզի»:
Նարինեն դիալիզի է ենթարկվում 14 տարեկանից: Հոր խոսքով՝ մանուկ հասակում նրա մոտ առողջական խնդիրներ են եղել, սակայն բժիշկները ճիշտ ախտորոշում չեն տվել, երիկամների խնդիրը պարզվել է այն ժամանակ, երբ վիճակը վատացել է, անմիջապես դիալիզ անելու անհրաժեշտություն է առաջացել: Խաչատրյանների ընտանիքի համար կատարվածը շրջադարձային է եղել թե հոգեպես, թե ֆինանսապես:
«Սկզբում շատ դժվար էր, երեխան շատ էր վատանում, տաքսիով էինք հիվանդանոց գնում, գալիս: Ամեն ինչ ծախում էի, էլ բան չկար ծախելու, տոկոսներով գումար էի վերցնում: Երեխեն էլ շատ էր նեղվում, հոգեբանորեն լավ չէր: Գնալով հուսահատվեց, հիմա մի կերպ ենք համոզում մեկ-մեկ, որ տանենք դիալիզի»,- պատմում է հայրը:
Նարինեն 8-րդ դասարանից ի վիճակի չի եղել դպրոց հաճախելու, ստիպված ժամանակավորապես հրաժարվել է նաեւ բարձրագույն կրթություն ստանալու, բժշկուհի դառնալու երազանքից: Հայրը պատմում է՝ Նարինեն հիվանդության բացասական կողմերի մեջ նաեւ դրական բան է գտել. 5 տարվա մեջ այնքան փորձ է ձեռք բերել, որ հաճախ բուժքրոջ գործառույթներն ինքն է իր համար անում, այդ կերպ նաեւ մոտենալով իր երազանքին:
Նարինեին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094 95 83 04 հեռախոսահամարով։
Նարինե Խաչատրյանի անունով ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար։
AMD16048152678000
USD16048152678001
EUR16048152678002



























