Լոռու մարզում պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու եւ անձին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող Անի Բ.-ի գործով քրեական գործի քննությունը կասեցվել է, մինչեւ ստացվի լրացուցիչ դատահամակարգչատեխնիկական եւ դատալուսանկարչական

համալիր փորձաքննության եզրակացությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Անիի փաստաբան Տիգրան Սաֆարյանը:

«Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է 2015թ.-ի սեպտեմբերին, սակայն դեռեւս եզրակացությունը չենք ստացել»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ Անին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Անի Բ.-ն 2013թ. հուլիսին տարածելու նպատակով պատրաստել է պոռնկագրական բնույթի նյութ: 2013թ. հուլիսից 2014թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Անին պարբերաբար նվաստացրել է Մ. Ս.-ի անձնական արժանապատվությունը` տեղադրել եւ տարածել է հիշյալ պոռնկագրական բնույթի նյութը: Դրա հետեւանքով վերջինս 2013թ. նոյեմբերի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, ինքնասպան լինելու նպատակով փորձել է նետվել երրորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, սակայն նրան նկատել եւ բռնել է եղբայրը, կանխել ինքնասպանությունը:

Անի Բ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով (Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը): Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Անին ամուսնության նպատակով մտերիմ հարաբերություններ է ունեցել Արամ Ա.-ի հետ, սակայն հարաբերությունները խզելուց հետո պարզել է, որ վերջինս ցանկանում է ամուսնանալ Մ. Ս.-ի հետ: Նախկին ընկերոջից վրեժխնդիր լինելու համար Անին Մ. Ս.-ի լուսանկարներից գլխի հատվածները մոնտաժել եւ տարածելու նպատակով տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել պոռնկագրական բնույթի նյութ: Այնուհետեւ, Անին դրանք տարածել է սոցկայքերում: Այդ պատճառով Մ. Ս.-ն փորձել է ինքնասպանություն գործել:

Միեւնույն ժամանակ դատաքննության ընթացքում պարզ է դարձել նաեւ, որ Անին 2014 թվականի մարտից ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում ամուսնության նպատակով մտերիմ հարաբերություններ է ունեցել Արտյոմ Ա.-ի հետ: Հարաբերությունները խզելուց հետո Անին իմացել է, որ Արտյոմը ցանկանում է ամուսնանալ Նարինե Ն.-ի հետ: Այնուհետեւ Անին Նարինեի եւ վերջինիս եղբոր լուսանկարներից գլուխների հատվածները մոնտաժել եւ տարածելու նպատակով տեղադրել է պոռնկագրական բնույթի լուսանկարների վրա, պատրաստել պոռնկագրական բնույթի նյութ եւ տարածել սոցկայքերում:

Ամբաստանյալ Անի Բ.-ի պաշտպան Տիգրան Սաֆարյանը դատարանին միջնորդել է նշանակել դատահամակարգչատեխնիկական եւ դատալուսանկարչական համալիր փորձաքննություն պատճառաբանելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչի կողմից նշանակվելով համակարգչատեխնիկական եւ մշակութաբանական համալիր փորձաքննություն, փորձագետներին չեն առաջադրվել այնպիսի հարցեր, որոնց պարզաբանումն ունի խիստ կարեւոր նշանակություն սույն գործով վերջնական եւ ճիշտ որոշում կայացնելու համար: Մասնավորապես, կատարված փորձաքննությամբ չի պարզվել, թե արդյոք Անի Բոշյանի վերոհիշյալ համակարգչով եւ դրանում առկա ծրագրային միջոցներով հնարավոր էր մոնտաժել այն լուսանկարները, որոնք տարածելու համար մեղադրանք է առաջադրվել Անի Բ.-ին եւ արդյոք կա կամ եղել է նման հնարավորություն ունեցող ծրագրային միջոց /ծրագիր/, եթե այո, ապա դրանով են կատարվել արդյոք լուսանկարների մոնտաժման գործողությունները եւ այլն:

Դատարանը բավարարարել է Տիգրան Սաֆարյանի միջնորդությունը դատահամակարգչատեխնիկական եւ դատալուսանկարչական համալիր փորձաքննություն նշանակելու մասին: