Հունվարի 26-ին Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում հնչած կրակոցների եւ դանակահարության դեպքով կա բերման ենթարկված անձ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին,  NEWS.am-ի տեղեկությունը հաստատեցին ոստիկանությունից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից 2016թ. հունվարի 26-ին ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի եւ հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1969թ. ծնված Ա.Թորոյանը եւ 1980թ. ծնված Ս.Գրիգորյանը: Կրակոցների հետեւանքով վերջիններին պատճառվել են չթափանցող մարմնական վնասվածքներ:

NEWS.am-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկացրել էին, որ Ա.Թորոյանը եւ Ս.Գրիգորյանը գնտվում էն հիվանդանոցի Վիրաբուժության բաժանմունքում,  նրանաց վիճակը բավարար է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: