Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում նշանակալի տեղ են զբաղեցնում առեւտրային բանկերը: Անցյալ տարի դրանք մոտավորապես 41,3 մլրդ դրամի չափով հարկ են վճարել պետբյուջե կամ էլ ընդհանուր գումարի 5,9 տոկոսը: Հիշեցնենք, որ անցյալ տարի այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 37,5 մլրդ դրամ եւ 5,4 տոկոս:
Բանկերի շարքում ռեկորդակիր է «Ամերիաբանկը», որն ավելի քան 5,4 մլրդ դրամի հարկ մուծելով` Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 15-րդ տեղն է զբաղեցրել: Նրան հետեւում են «VTB Հայաստան բանկը» (24-րդ տեղ) եւ «Արդշինբանկը» (25-րդ տեղ):
Վերջին տասնամյակի ընթացքում (2005-2015 թվական) բանկային ոլորտում առաջընթացն զգալի է: Այսպես, այդ ժամանակաշրջանում, դեկտեմբերի դրությամբ, վարկերի գումարն աճել է 6.5 անգամ, իսկ ռեզիդենտների ներդրումներինը` 6,8 անգամ: Պարզ է, որ ամերիկյան դոլարի ամրապնդման գործոնը (այդ ժամանակահատվածում 7,5 տոկոս աճ) եւս իր ազդեցությունն է թողնում «դոլարային» վարկերի եւ «դրամային» ավանդների վերահաշվարկի վրա:
Հետաքրքրաշարժ փաստ. վարկերի ընդհանուր գումարի մեջ օտարերկրյա արժույթի մասնաբաժինը տասնամյակի ընթացքում չի փոխվել` «ամրապնդվելով» 61 տոկոսի մակարդակում: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա արժույթով ավանդների մասնաբաժինն ավելացել է աննշան 0,6 տոկոսային կետով` հասնելով 64,3 տոկոսի:
Անցյալ տարվա դեկտեմբերի տվյալներով վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը կազմում է 15,36 տոկոս, իսկ ավանդներինը` 13,33 տոկոս (միայն ազգային արժույթով): Այսպիսով, դրույքների միջեւ տարբերությունը 2,03 տոկոս է կազմել: Հիշեցնենք, որ ուղիղ տասը տարի առաջ այդ ցուցանիշը մի քանի անգամ բարձր էր`10,84 տոկոս, հիմնականում ավանդների համար համեմատաբար ցածր տարեկան տոկոսադրույքի հաշվին (6,45%).
Իհարկե այդ հաստատությունները բարեգործական կազմակերպություններ չեն եւ ստիպված էին տարեկան տոկոսադրույքները բարձրացնել ավանդներ ներգրավելու համար: Բայց միաժամանակ, ինչպես վերը նշվեց, նվազել է բանկային բարեբեր մարժայի մեծությունը: Իսկ դա երկրի տնտեսության ներկայիս բարդ պայմաններում մեծացնում է ռիսկերը: Նշենք, որ որոշ առեւտրական բանկեր անցյալ տարի վնասով են աշխատել:


























