Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրյալ, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Ինձ առաջադրված մեղադրանքը ես չեմ ընդունում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժշկուհին:

Բախշյանի խոսքով՝ ինքն այժմ տանն է, դեռեւս ամբողջությամբ չի ապաքինվել:

«Այս պահին տանն եմ, պառկած եմ, ստանում եմ բժիշկների նշանակած բուժումը: Դեռեւս ամբողջությամբ չեմ ապաքինվել»,- հավելեց նա:

Նշենք, որ Շուշանիկ Բախշյանը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության. մահացած ծննդկանի հարազատներն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը չեն հավատում, որ Շուշանիկ Բախշյանն առողջական խնդիրներ ունի, այդ պատճառով միջնորդել էին նշանակել դատաբժշկական փորձաքննություն:

Փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Սակայն նրան բուժող բժիշկ, ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը պնդում է, որ բժշկուհու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։

2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց չի ընտրվել: