Մենք հասել ենք ազգային բանակի վերջնական ձեւավորմանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված ստորաբաժանումներից մեկում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորամասի շարահրապարակում անցկացված հանդիսավոր միտինգի ընթացքում պաշտպանության նախարարը զինանձնակազմին շնորհավորել է բանակի օրվա առթիվ շնորհակալություն հայտնել անձնուրաց ծառայության եւ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար:

Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ 2015 թվականը հայկական զինված ուժերի համար եղել է ձեռքբերումների եւ որակական առաջընթացի տարի եւ 2016 ուսումնական տարում  մարտական ուսուցմանը զուգահեռ պետք է շարունակել միասնական ջանքերով զինծառայողների շրջանում արատավոր բարքերը արմատախիլ անելու, հասարակությանը լիարժեք, պատրաստված քաղաքացի վերադարձնելուն նպատակաուղղված գործունեությունը՝ բանակում առավել կանոնակարգելով միջանձնային հարաբերությունների մակարդակը:

«Մենք հասել ենք ազգային բանակի վերջնական ձեւավորմանը, որի կարեւոր առանձնահատկություններն են՝ հայրենասիրության բացառիկ աստիճանը, մեր պապերից ու հայրերից մեզ փոխանցված ռազմական գիտության իմացությունն ու ավանդույթները, բանակային ընկերականությունը, արդարությունն ու ազնվությունը»,-փաստել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Միջոցառման ավարտին, որպես 2015 ուսումնական տարվա արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասի, պաշտպանության նախարարը հանձնել է պատվո դրոշ, ինչպես նաեւ Բանակի օրվա առթիվ բարեխիղճ ծառայության համար գերատեսչական մեդալներով պարգեւատրել մի խումբ զինծառայողների: