ՀՅԴ-ի կողմից ներկայացված հանրահայտ 7 կետերի շուրջ դրական լուծումներ են արձանագրվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, «Արամ Մանուկյան» կենտրոնում, ՀՅԴ Գերագույն մարմնի հրավերով, տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

ՀՅԴ ԳՄ մամլո դիվանից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին Դաշնակցության Հայաստանի կառույցի 50 կոմիտեների եւ տասը մարզային կոմիտեների շուրջ 80 ներկայացուցիչներ:

Բացելով հանդիպումը` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ անդրադարձավ ներքաղաքական զարգացումներին, օրակարգային, առաջնահերթ խնդիրներին` տվյալ համատեքստում կարեւորելով ՀՅԴ Հայաստանի կառույցի քաղաքական դերակատարությունը:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, հանգամանալից ներկայացնելով վերջին շրջանում երկրում ընթացող ներքաղաքական գործընթացները, անդրադարձավ սոցիալական, քաղաքական ու տնտեսական կյանքում ՀՅԴ ունեցած եւ նրանից ակնկալվող դերակատարությանը: Առանձնակի քննության առարկա դարձնելով ՀՅԴ հանրահայտ 7 կետերը` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը որոշակի գոհունակություն հայտնեց վերոհիշյալ կետերի շուրջ արձանագրված դրական լուծումների կապակցությամբ, խոսեց իշխանության հետ հնարավոր համագործակցության նպատակների եւ ձեւաչափերի մասին:

Ներկա հանգրվանում Հրանտ Մարգարյանն իբրեւ քաղաքական ձեռքբերում որակեց նոր Սահմանադրության ընդունումը, ուր իրացվել են ՀՅԴ հիմնական սկզբունքներն ու մոտեցումները երկրի կառավարման մոդելի եւ մի շարք կարեւորագույն քաղաքական խնդիրների շուրջ:

Անդրադառնալով հետսահմանադրական ընթացքին` բանախոսը կարեւորեց ՀՅԴ քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը երկրում առկա սոցիալական, տնտեսական ու աշխարհաքաղաքական մարտահրավերները դիմագրավելու առումով: Խորհրդակցության ընթացքում հատկապես ընդգծվեցին ներկուսակցության խնդիրները` կուսակցության ընդլայնումն ու կազմակերպվածությունը դիտելով որպես ամենօրյա արդյունավետ աշխատանքի նախապայման: Խորհրդակցությանը հաջորդող հարցուպատասխանի ընթացքում արծարծվեցին եւ պարզաբանումներ տրվեցին իշխանության հետ հնարավոր համագործակցության բովանդակության եւ ձեւաչափի շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել հանդիպումների շարքը` առավել հանգամանալից քննելու ՀՅԴ ներքաղաքական եւ ներկուսակցական օրակարգերը: