Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Սյունիք» մթերային խանութի ծխախոտի եւ քաղցրավենիքի բաժնում հունվարի 29-ի գիշերը բռնկված հրդեհի պատճառը, ըստ աշխատակիցների, հոսանքի տատանումն է եղել:
NEWS.am-ի հետ զրույցում խանութի աշխատակցուհին, որը չցանկացավ հայտնել իր անունը, նշեց, որ հրդեհի բռնկման պահին խանութում եղել է միայն պահակը, որն էլ, տնօրենին տեղեկացրել է հրդեհի մասին:
«Պահակը նկատել է, որ հոսանքը գնացել, եկել է, կայծ է տվել, ու քանի որ ծխախոտի բաժինն է եղել, բռնկվել է»,-պատմեց աշխատակցուհին:
Աշխատակցուհու խոսքով՝ հրդեհից պատճառված վնասի չափը զգալի է. այրվել են ոչ միայն ծխախոտներն ու քաղցրավենիքները, այլեւ հրշեջման աշխատանքների ընթացքում կիրառված ջրից վնասվել են շատ այլ ապրանքներ:
«Մեծ կորուստ ենք կրել, ամենամեծ բաժինն էր: Միակ մխիթարանքն այն է, որ մարդկային կորուստներ չունենք»,-ասաց աշխատակցուհին:
Խանութը որոշ ժամանակ չի գործի, շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները: Հրդեհի պատճառած վնասի չափը դեռեւս ճշտվում է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 29-ին, ժամը 23.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող «Սյունիք» խանութում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել` 23.32-ին:
Մ. Թ.-ին պատկանող «Սյունիք» մթերային խանութում այրվել են ծխախոտի եւ քաղցրավենիքի բաժինները` 10 քմ:
Հրդեհ Դավթաշենի «Սյունիք» խանութում (ֆոտո):



























