Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը ձեռնոցով է եղել, հետեւաբար նրանից մատնահետք չի կարող հայտնաբերվել սպանվածի դիակի կամ սպանության գործիքի վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանության միակ վկա համարվող Աննա Միսակյանը:

«Ես իր հագին արյունոտ ձեռնոցներ եմ տեսել ընդամենը»,- ասաց նա:

Արձագանքելով NEWS.am-ին տված հարցազրույցում Մուշեղ Մխիթարյանի այն պնդմանը, որ իր պատմածները դեպքի վերաբերյալ սուտ են, իրեն փորձում են օգտագործել մեղադրյալի դեմ, Աննա Միսակյանը նշեց, որ ինքն իր պատմածներն ապացուցող փաստեր ունի:

«Իմ բոլոր ասածները իրականություն են ու բազմաթիվ ապացույցներ կան ասածներիս: Ինքն ուղղակի չի ուզում, որ իր անունն աղավաղվի, բայց դրա մասին պետք է չարագործությունից առաջ մտածեր»,- ասաց նա:

Նշենք, որ Մխիթարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Աննա Միսակյանը պատմել է, որ տեսել է՝ ինչպես է Մուշեղը սպանում էքստրասենսին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

20-ամյա Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: