Վանաձորի Ուսանողական 90 հասցեում գտնվող հանրակացարանում բնակվող Տատյանա Պիսարեւան, որն անչափահաս երեխաներին մուրացկանության դրդելու համար դատապարտվել էր մեկ տարի պայմանական ազատազրկման, սպառնում է հրկիզել իրեն, եթե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որոշումը կատարվի եւ իր երեխաներին ուղարկեն մանկատուն:
Քաղաքապետի՝ հունվարի 13-ին ընդունված որոշումը, որով նա պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով Տատյանա Պիսարեւային զրկել 3 անչափահաս երեխաների նկատմամբ ունեցած ծնողական իրավունքներից եւ երեխաներին ուղարկել Վանաձորի մանկատուն, արդեն 10 օր է՝ այդ սպառնալիքի պատճառով իրականացնել չի հաջողվում:
«Երեխաներին մանկատուն տեղափոխելու հետ կապված մենք համապատասխան գրություններ էինք ուղարկել ոստիկանություն, որպեսզի նրանք էլ մասնակցեն այդ պրոցեսին, հատկապես որ Պիսարեւան անընդհատ ահաբեկում էր, թե ես ինձ կվառեմ, ես ինձ կվնասեմ: Այդ պատճառով այս պրոցեսը մի փոքր ձգձգվեց»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գոռ Բադյանը:
Հունվարի 29-ին հերթական անգամ քնարկելով այս հարցը՝ Վանաձորի խնամակալության հանձնաժողովը միաձայն որոշեց սեղմ ժամկետներում երեխաներին տեղափոխել մանկատուն:



























