Սահմանադրական փոփոխությունների տրամաբանական շարունակությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, որով պիտի ամրագրվի համամասնական ընտրակարգը: Նախագիծը առաջիկայում ներկայացվելու է խորհրդարան: Ընդդիմադիրների պնդմամբ` իշխանության առաջ քաշած նախնական տարբերակները ընտրակեղծիքների սողանցքեր են թողնում. դրանց դեմ իրենք արդեն հանդես են եկել առաջարկներով: Սրան հաջորդելու են 2017-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ի՞նչ դիրք է գրավելու «Ոչ»-ի շուրջ ձեւավորված քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես սահմանադրական փոփոխությունների դեմ ակտիվ պայքար ծավալած «Չեք անցկացնի»-ն շարունակելո՞ւ է պայքարը` թեժ պահելով «Ոչ»-ի տրամադրությունները մինչեւ 2017, թե՞ առաքելությունն ավարտած համարելով` հարստացնելու է քաղաքացիական հասարակության պատմության արխիվը, ինչպես բազմաթիվ նախաձեռնություններ: Այս հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանի հետ:
Արշակ, սահմանադրական փոփոխություններից հետո «Չեք անցկացնի»-ն անելիքներ ունի՞, թե՞ բռնել է այն նախաձեռնությունների ուղին, որոնք, մի խնդրի դեմ պայքարելուց հետո առաքելությունն ավարտած համարելով, հեռանում են դաշտից:
Պետք է իրավիճակը ռեալ գնահատել, սովորաբար նախաձեռնությունները ձեւավորվում են ինչ-որ քաղաքական գործընթացի կոնտեքստւմ, ու երբ ավարտվում է այդ գործընթացը, բնական է, այդ նախաձեռնություններն այլեւս անելիք չպետք է ունենան: Բնական է «Դեմ եմ»-ը, «Ոչ թալանին» ու նաեւ մենք չենք կարող նույն ռեսուրսով մարդկանց համախմբել այլ հարցի շուրջ: Ի՞նչ պետք է անենք: Պետք է որոշակի ձեւաչափ փոխենք եւ այն կապիտալը, որը ստեղծվել է «Չենք անցկացնի»-ի շուրջ, մենք էլ կարողանանք օգտագործել: Այս առումով մեր թիմը, որը համախմբվել է ժողովրդավարության հաստատման արժեհամակարգի շուրջ, ձեւավորելու է պլատֆորմ, ինչը կկոչվի «Ժողովրդավարության ազգային պլատֆորմ», եւ այս ձեւաչափով մենք կշարունակենք ժողովրդավարությանն ուղղված պայքարը:
Այսինքն` «Չեք անցկացնին» այսուհետ հանդես կգա «Ժողովրդավարության ազգային պլատֆորմ» անվա՞մբ…
Այո սա կլինի անվանումը, եւ միեւնույն ժամանակ սա կլինի պլատֆորմ, «Չեք անցկացնին» ավարտեց առաքելությունը, մեկ այլլ ձեւաչափով կշարունակի իր գործունեությունը:
Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը առաջիկայում կներկայացվի խորհրդարան, ունե՞ք պահանջներ, գործելո՞ւ եք այն ակտիվությամբ, ինչ սահմանադրական փոփոխությունների դեպքում, եւ առհասարակ այս պլատֆորմը ինչո՞վ է տարբերվելու նախորդից:
Ամբողջ քաղաքական դաշտը առաջիկա ամիսներին զբաղվելու է այդ նախագծով, մենք էլ որպես «Ժողովրդավարության ազգային պլատֆորմ» կմասնակցենք այդ գործընթացին, առաջիկայում ավելի կոնկրետ կխոսենք մեր անելիքների մասին, չի բացառվում, որ կլինեն հանդիպումներ հասարակական-քաղաքական գործիչների ու նախաձեռնությունների միջեւ: Այս գործընթացին մասնակցելու ենք ակտիվ, բայց մեծ հույսեր չունեմ, որ իշխանությունը ականջալուր կլինի քաղաքացիական հասարակության, երիտասարդության պահանջներին, քանի որ Հանրապետականը պարզ մեծամասնությամբ, ցավոք, անում է այն, ինչ ուզում է: Բայց մենք ամեն դեպքում փորձելու ենք մոբիլիզացիա ապահովել այն սկզբունքների շուրջ, որոնք համարում ենք, որ պետք է ներդրվեն նոր Ընտրական օրենսգրքում: Ինչ վերաբերում է մեր պահանջներին, առաջին մոտեցումը հետեւյալն է. կենտրոնանանք ընտրությունների վերահսկման դրույթների վրա: ՀԱԿ-ի առաջարկած սկզբունքները ամբողջությամբ մեզ համար ընդունելի են, քանի որ ընդհանուր առմամբ վերահսկողության սկզբունքի մեջ են: Շատ կարեւոր է, որ մաքրվեն ցուցակներն ու նաեւ հրապարակվեն քվեարկված ցուցակները: Մենք շարունակելու ենք մեր պայքարն այնքան ժամանակ, մինչեւ մի օր սպառվեն իշխանության ռեսուրսները, եւ մենք կհասնենք հաջողության:
Ասում եք` մեծ հույսեր չունեք, որ իշխանությունը ականջալուր լինի քաղաքացիական նախաձեռնության, երիտասարդության ձայնին, իսկ դուք ինչպե՞ս եք փորձելու ազդել իշխանության վրա: Փորձը ցույց է տվել, որ ծայրահեղ քայլերի, ճնշումների դեպքում է իշխանությանը երբեմն տեղի տալիս: Մարտավարության առումով տարբերվելո՞ւ է «Ժողովրդավարության ազգային պլատֆորմը» «Չեք անցկացնի»-ից:
«Ժողովրդավարության ազգային պլատֆորմը» երկարարտեւ անելիքների պլատֆորմ է, առաջիկայում Ընտրական օրենսգրքի հարցն է, որից հետո կշարունակենք զբաղվել հասարակական-քաղաքական այլ խնդիրներով, իսկ արդեն 2017-ին մենք ամբողջ ուժով կլծվենք ընտրությունների վերահսկման գործընթացին: Առաջիկայում պլանավորում ենք մեր ֆորումը, որտեղ կլինեն ե՛ւ հասարակական, ե՛ւ քաղաքական գործիչներ ու կազմակերպություններ, որոնք կներկայացնեն Ընտրական օրենսգրքի հետ կապված իրենց առաջարկները: «Ոչ»-ից հետո մենք նոր լիցք ենք ստացել, բազմաթիվ համակիրներ ձեռք բերել ու արդեն ավելի մեծ թիմով լծվելու ենք ընտրական գործընթացների վերահսկման գործին, նախ` Երեւանի քաղաքապետի, ապա` Ազգային ժողովի:
Արշակ, քաղաքական ուժերից հաճախ ենք լսում, որ արդյունավետ պայքար ծավալելու համար անհրաժեշտ են ֆինանսական մեծ միջոցներ, այս առումով ի՞նչ հետեւություն արեցիք «Ոչ»-ի պայքարից եւ հատկապես ավելի մեծ ծավալով գործունեություն ծավալելու համար ինչպե՞ս եք լուծելու ֆինանսական հարցերը:
Ֆինանսական միջոցները հարցը կարեւոր է, իհարկե, բայց ես կարծում եմ` ամենակարեւորը չէ: Մինիմալ ֆինանսական ռեսուրսներով հնարավոր է ստանալ մեծ արդյունք, ինչը մշտապես արել են հայաստանյան ընդդիմադիրները, որոնք երբեք էլ մեծ ռեսուրսների չեն առնչվել, իմ կարծիքով: Գործը հաջողելու համար արժեքներին, գաղափարներին նվիրվել է հարկավոր: Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ամենադասական ընդունված տարբերակը քաղաքացու աջակցությունն է: Հաշվեհամար բացել եւ կոչ անել` իրենց ներդրումն ունենան: Սա եղավ «Ոչ»-ի պայքարի դեպքում, մեծ թիվ չի կազմում, նվիրատվությունը շատ չէր, բայց նվազագույն գումար հավաքվում է քաղաքացիների աջացությամբ, եւ դա ամենաարդյունավետն ու ընդունելին է:
«Ոչ»-ի պայքարի ժամանակ ավելի շատ շեշտը դրել էիք վիրտուալ հարթության վրա, փողոցում գործողություն, իրարնցում չկար կամ քիչ էր: Պայքարի նոր մշակույթ էիք փորձել ձեւավորել տեսահալովակների, ուշագրավ լուսանկարների, միջոցով, մինչդեռ փորձը ցույց է տվել, որ մեր երկրում քաղաքացիական նախաձեռնությունները որոշակի հաջողության հասնում են ռադիկալ քայլերի դեպքում, օրինակ` «Դեմ եմ», «Ոչ թալանին» նախաձեռնությունների դեպքում եղավ, արդեն նոր պլատֆորի դեպքում վերանայելո՞ւ եք ձեր պայքարի տեխնոլոգիան:
Համաձայն չեմ, որ մենք վիրտուալում ավելի ակտիվ ենք եղել, քան փողոցում, մենք եղել ենք ամենառադիկալը, կներեք «Դեմ եմ», «Ոչ թալանին» Սերժ Սարգսյանի հրաժարականը չէին պահանջում, մենք դրել ենք ամենառադիկալ պահանջը…
Նկատի ունեմ գործողությունները…
Եթե խնդիրը Բաղրամյան փողոցը փակելուն է վերաբերում, ապա դա տակտիկայի հարց է, ես չեմ ուզում` մեր տակտիկան առայժմ բացահայտեմ… Իսկ «Ոչ»-ի դեպքում մենք ակտիվ շփվել ենք քաղաքացիների հետ, այն որ «Ոչ»-ի օգտին շատ ձայն եղավ, հենց դրա արդյունքն էր…
Իշխանության ներկայացուցիչները համարում են, որ դա ոչ թե ձեր քարոզչության արդյունքն էր, այլ պարզպաես սոցիալական ծանր վիճակում գտնվող ժողովրդի բողոքն ընդդեմ իշխանությունների. հանրաքվեն մշտապես համարվել է պասիվ ընտրություն, իսկ սա աննախադեպ ակտիվ էր ու նույնիսկ պաշտոնական տվյալներով ահռելի քանակով «Ոչ» արձանագրվեց:
Որպեսզի քաղաքացին գնա եւ քվեարկի, պետք է ճիշտ աշխատես, դա «Ոչ»-ի շտաբն իդեալական արել է: Չեմ ուզում թերագնահատել մյուսն նախաձեռնություններին, բայց սոցիալական խնդիրներն ավելի նվազ կշիռ ունեն, քան քաղաքական ընտրությունները, այս առումով մեր գործը ավելի բարդ է, ու տեխնոլոգիաները հետեւյալն են` շարժումների կազմակերպում, քաղաքական մոբիլիզացիա: Ես կարծում եմ` 2017-ի ընտրությունները տարբերվելու են նախորդներից. քաղաքացին արդեն իշխանությանը կարողանում է պատժել իր քվեի միջոցով: Այն, որ 2017-ին քաղաքացին կգնա ու ձայնը կտա ընդդիմությանը, չեմ կասկածում, մեզ մնում է միայն վերահսկել ու արձանագրել:
Մոբիլիզացիայի մասին նշեցիք, այս պահին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ճակատն է ընդվզում իշխանության դեմ, հնարավո՞ր է` միավորվեք:
Մենք ճակատից կհանդիպենք «Ժառանգություն» կուսակցության հետ, կարծում եմ` նրանք կմասնակցեն մեր ֆորումին, եւ կքնանրկենք մոտեցումները ընտրական օրենսգրքի հետ կապված: Իսկ այլ ուժերի հետ համագործակցությունը կուրվագծվի թերեւս ֆորումից հետո, իսկ մեր օրակարգում կա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:




























