Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը պնդում է, որ եզրակացությունը միանձնյա կարծիք չի եղել, այլ 17 փորձագետի:

«17 փորձագետներ քննարկել են, հանգել ենք համապատասխան եզրակացության: Ես միանձնյա եզրակացություն չեմ տվել»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Գագիկ Հարությունյանը:

Նշենք, որ գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդել է առերեսում կազմակերպել իր պաշտպանյալի ու փորձագետ Գագիկ Հարությունյանի միջեւ: Ըստ փաստաբանի՝ Գագիկ Հարությունյանը հարցաքննվել է քննիչի կողմից եւ իր ցուցմունքով արել է հետեւություններ, որոնք փորձագիտական եզրակացություններում չկան:

Միջնորդության եւ իր մասին հնչեցված կարծիքների մասին Գագիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին որեւէ գնահատական, մեկնաբանություն տալ չի կարող, քանի որ նախաքննություն է ընթանում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։

2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել: