«Հայոց Հայրենիք» կուսակցությունը եւս միաձուլվել է Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:
Կուսակցության տարածած հայտարարությունում, մասնվորապես, ասվում է.
«Նախօրեին հրավիրվել է «Հայոց Հայրենիք» կուսակցության մշտապես գործող բարձրագույն մարմնի` կենտրոնական կոմիտեի եւ բյուրոյի նիստը, որի ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայոց Հայրենիք» կուսակցությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում համագործակցելով երկրի ճակատագրով մտահոգ բոլոր առողջ քաղաքական ուժերի հետ` մշտապես ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի հանրային եւ քաղաքական կարեւորագույն գործընթացներին, մասնակցել բոլոր համապետական ընտրություններին, այժմ էլ, նկատի ունենալով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը, եւ նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական եւ հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, որոշում է կայացվել վերակազմակերպվել այլ կուսակցությունների հետ, միաձուլման տարբերակով հիմնադրել նոր «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին»:
Մինչ այդ նմանատիպ որոշումներով «Հայկական վերածննդին» էին միացել «Մեր տունը Հայաստանն է», Հայաստանի ագրարային կուսակցությունը, «Հայկանդուխտ» կուսակցությունը:




























