Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով քննիչն այսօր՝ փետրվարի 1-ին, դիմել է հսկողություն իրականացնող դատախազին՝ առաջարկելով քննարկել մեղադրյալ Շուշանիկ Բախշյանին գրավի դիմաց արձակելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք դիմելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Նշենք, որ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ինքը նույնպես բողոքարկելու է իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու՝ դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել Շուշանիկ Բախշյանին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։

2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: