«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երեւանի քաղաքային խորհուրդը «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ապամոնտաժման հարցով դիմել է կառավարությանը:

Այս առնչության, «Լուսավոր Հայաստանի» դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Ընգծելով, որ

• «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը հանրության կողմից ճանաչված է որպես յուրօրինակ խորհրդանիշ եւ պատմական, մշակութային արժեք,

• բազմաթիվ տեղական եւ միջազգային հեղինակավոր ճարտարապետական կազմակերպություններ կոչ են արել ՀՀ կառավարությանը` պահպանել եւ վերականգնել «Զվարթնոցի» շենքը՝ որպես ճարտարապետական յուրատեսակ նմուշ:

• 2013թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային հին համալիրի (կլոր շենք) քանդման վերաբերյալ «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկը եւ այդ շինության պահպանման խնդրանքով դիմել էր ՀՀ կառավարությանը։

Հաշվի առնելով, որ

• «Զվարթնոց» օդանավակայանի շենքն ունի ոչ միայն պատմամշակութային, այլեւ կարող է ունենալ խոշոր տնտեսական նշանակություն, քանի որ շենքի տարածքում արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների, ներդրումների եւ գործարարության խրախուսման այլ միջոցառումների կիրառման միջոցով հնարավոր է ստեղծել ազատ տնտեսական, որակյալ ժամանցի գոտիներ, տնտեսապես գործունեության համար բարենպաստ մթնոլորտ,

• տարածաշրջանային զարգացումների ներկա համատեքստում մեծ է արտերկրից փախստականների եւ ապաստան հայցողների, պարենի, այլ օժանդակության արագ ընդունման եւ տեղակայման գործում Զվարթոց օդանավակայանի հին շենքի ունեցած պոտենցիալը,

• կան հիմնավոր կասկածներ, որ շահագրգիռ որոշ կողմեր փորձում են ոչնչացնել վերոնշյալի համար անհրաժեշտ շենքային պայմանները, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման թույլտվությունը տրված է առանց համապատասխան իրավական հիմքի եւ պատշաճ փաստաթղթավորման, որ մասնաշենքի ապամոնտաժման մասին Երեւանի ավագանին ու նրա անդամները պատշաճ կերպով ծանուցված չեն եղել,

• «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը, Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող մյուս օբյեկտների (ԱԷԿ, ՀԷԿ-եր, Արփա-Սեւան թունել) հետ միասին, կառուցվել է անվտանգության կանոնների առանձնակի, խիստ պահպանմամբ եւ ի վիճակի է դիմանալ 9 բալանոց երկրաշարժի, իսկ առկա մաշվածությունը կարելի է վերականգնել հարաբերականորեն փոքր ծախսերով:

Փաստելով Երեւան քաղաքի «Երիտասարդական պալատի» ապամոնտաժման տխրահռչակ փորձի մասին, երբ ինչ որ խմբակային շահերից ելնելով նշյալ շենքը խնամքով քանդվեց ու յուրացվեց, բայց նույն տեղում մինչ այսօր որեւէ նոր նախագիծ չի իրականացվել՝

Լուսավոր Հայաստան Կուսակցության Երեւան քաղաքի խորհուրդը դիմում է.

ՀՀ Կառավարությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը, Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ իրավապահ մարմիններին եւ բոլոր այլ իրավասու մարմիններին՝

1. Թույլ չտալ «Զվարթնոց» օդանավակայանի բարձրահարկ շենքի ապամոնտաժման որեւէ գործողության իրականացում:

2. Ուսումնասիրել «Զվարթնոց» օդանավակայանի կլոր ուղեւորային համալիրի կառավարման, քանդման եւ վերակառուցման հետ կապված բոլոր հարաբերությունները՝ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի եւ գործունեության հայտնաբերման ու կանխարգելման համար:

3. Օրենքով սահմանված կարգով եւ ժամանակամիջոցում տեղեկացնել դիմումատուին՝ իրականացված գործողությունների, դրանց արդյունքների եւ հետեւանքների մասին: