Տպավորություն է, որ Ազգային ժողովում ծանոթով են նախագծերը դրվում քննարկման: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝, որին հետաքրքրում էր, թե ինչու 2012թ.-ից իր 15 նախագծերից ոչ մեկը քննարկման չի դրվում:
«Տպավորություն է, որ ծանոթով են նախագծերը դրվում քննարկման: 15 նախագիծ եմ ներկայացրել, սակայն ոչ մեկն էլ քննարկման չի դրվել»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
Ի պատասխան անկախ պատգամավորի՝ ԱԺ նախագահը կատակեց. «Ծանոթ ճարեք», ապա հորդորեց բոլորին ավելի ինտենսիվ աշխատել:
«Հորդորում եմ ամեն ինչը չքաղաքականացնել եւ քաղաքական չդարձնել այս ամբիոնը: Այստեղ ավելի շատ քաղաքական դեբատներ են գնում, քան օրինագծեր են քննարկվում: Պետք է պայմանավորվել՝ քանի օրակարգը չի ավարտվել, նիստը չավարտենք»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ այս պահին 60-70 նմանատիպ նախաձեռնություն կա, որը քննարկման չի դրվել:
Նշենք, որ այսօր մեկնարկել է Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստը:




























