2016 թվականի հունվարի 30-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող, Բահրեյնի քաղաքացիական ակտիվիստ Ֆադհել Ռադհին կալանքի ժամկետը լրանալու կապակցությամբ պետք է ազատ արձակվեր:
Փաստաբանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ճշտելով, որ նա Քրեակատարողական հիմնարկից համապատասխան ձեւակերպումներ կատարելուց հետո դուրս է թողնվելու ժամը 12:00-ին, այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ ժամը 11:30-ին, սակայն ՔԿՀ-ից հայտնել են, որ Ֆադհել Ռադհիի «ընկերները» եկել եւ դիմավորել են նրան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Մեզ համար անհայտ է, թե ովքեր են այդ «ընկերները», եւ մինչ այժմ որեւէ տեղեկություն չունենք Ֆադհել Ռադհիի գտնվելու վայրի վերաբերյալ:
Սույնով վերստին հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, չպետք է արտահանձնի Ֆադհել Ռադհիին Բահրեյնի Թագավորությանը, քանի որ նրա նկատմամբ կարող են կիրառվել խոշտանգումներ, որի համար ուղղակի պատասխանատվությունը կկրի Հայաստանի Հանրապետությունը:
Արտահանձնման դեպքում կարող է վտանգվել նաեւ Ֆադհել Ռադհիի կյանքը, քանի որ Բահրեյնի Թագավորությունում վերացված չէ մահապատիժը:
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից, մասնավորապես՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից եւ ՀՀ Ոստիկանությունից, հրապարակավ տեղեկատվություն տարածել Ֆադհել Ռադհիի գտնվելու վայրի վերաբերյալ եւ հայտնել, թե նրա արտահանաձնման վերաբերյալ ինչ որոշում է կայացվել»:



























