Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հորդորում է լսումներ հրավիրել՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քաղաքականության եւ հետագա քայլերը մշակելու վերաբերյալ:

Այսօր՝ փետրվարի 1-ին, խորհրդարանում Զուրաբյանը հայտարարեց, որ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական բանաձեւը չէր ընդունվի, եթե ճիշտ քայլեր արվեին:

«Մենք դեռ աշնանն էինք հորդորում նիստեր հրավիրել, սակայն ժամանակին արտակարգ քայլեր չձեռնարկելու եւ արտաքին սխալ քաղաքականություն վարելու պատճառով  ընդունվեց մի բանաձեւ, որտեղ Ղարաբաղը դիտարկվում է՝ ՀՀ-ի կողմից օկուպացված տարածք եւ Հայաստանը մեղադրվում է հումանիտար աղետի մեջ: Կարելի էր սրանից խուսափել, եթե ճիշտ քայլեր արվեին: Առաջարկում եմ այժմ գոնե նիստեր հրավիրել՝ իրավիճակը հանգամանորեն քննարկելու եւ վատթար իրավիճակից խուսափելու համար»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

ԱԺ նախագահն էլ իր հերթին արձագանքեց, թե բոլորը միայն խորհուրդ են տալիս, իսկ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հիշեցրեց, որ միայն լիբերալների եւ դեմոկրատների «Ալյանս» կուսակցությունն է դեմ արտահայտվել, որի անդամն էլ հենց Լեւոն Զուրաբյանն է:

«Ցավում եմ, որ տիկին Նաղդալյանը Ձեզ չի հայտնել, սակայն նրանց խմբի ղեկավարը պաշտոնապես դիմել է իր ելույթի սխալ թարգմանության համար, քանի որ ինքը պնդում է՝ նման բան չի ասել»,- պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նույնպես հորդորեց սեւը սպիտակ չներկայացնել, սրեր ճոճել՝ գործ չանելու համար:

«Ստրասբուրգում կայացած քվեարկության արդյունքները եւ բանաձեւերի քվեարկությունն առհասարակ մեզ լրջագույն մտորումների առարկա պետք է դառնա: Պետք է ասեմ, սակայն, որ լավագույն պատասխանն Ադրբեջանի նախագահի 30-40 րոպեանոց ելույթն էր, որտեղ Իլհամ Ալիեւը Մինսկի խմբի վերաբերյալ հայտնում է դժգոհություն՝ մեղադրելով հակամարտության չլուծման համար, իսկ ամբողջ Եվրոպային՝ հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու մեջ: Մենք դասեր կքաղենք, եթե ամեն ինչ չխառնենք իրար: Ընդամենը մեկ խմբակցություն է դեմ արտահայտվել, որտեղ էլ ընդամենը մեկ պատգամավոր է ներկայացված եղել՝ Լեւոն Զուրաբյանը: Ես չեմ մեղադրում, սակայն սրեր ճոճել գործ չանելու համար, սխալ է»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

Նշենք, որ այս քննարկումը դուր չեկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին, որն արգելեց այսուհետ նման հարցեր քննարկել ԱԺ ամբիոնից:

«Սա վերջին անգամը լինի, որ ռազբորկա անենք: Ով ինչ ծանոթ ունի, գնում խոսում ա, եւ երբ մենք աշխատում ենք, չենք հարցնում՝ ով որ կուսակցությունից է: Խնդրում եմ՝ այլեւս այս հարցն այստեղ չքննարկել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը,  սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։