Պետք չէ հայկական պատվիրակությանը մեղադրել ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի համար։ Այս մասին փետրվարի 1-ին Ազգային ժողովում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ Ստրասբուրգում քվեարկության արդյունքներն իհարկե պետք է մտածելու տեղիք տան։ Սակայն լավագույն գնահատականը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթն էր, ով իրեն մեկուսացրել է ԼՂՀ-ում կատարվող գործընթացներից եւ Եվրոպային մեղադրել է իսլամաֆոբիայի եւ երկակի չափանիշներ կիրառելու մեջ։ «Ոչ ոքի մեղադրել պետք չէ։ Ավելի շուտ պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել ԵԽԽՎ-ում մեր մարդկային ռեսուրսները»,- նշել է Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը, սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։




























