ՀՀ ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը դեռ չի որոշել՝ առաջիկայում իր թեկնածությունը կառաջադրի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, թե ոչ:
«Յուրաքանչյուր ընտրության ժամանակ էլ տեղի ու անտեղի շրջանառվել է իմ անունը: Գյումրիում շաբաթը մեկ հարցումներ են արվում այդ մասով, ես ասել եմ՝ անունս հանեն ցանկից: Իհարկե, որպես թեկնածու այսօր գյումրեցիները տեսնում են ինձ: Հիմա նոր ընտրական օրենսգրքով կսահմանվի, թե ինչպես են անցկացվելու ընտրությունները, մենք կուսումնասիրենք ու կորոշենք դրանից հետո՝ մասնակցել, թե ոչ»,-այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Մարտուն Գրիգորյանը:
Մարտուն Գրիգորյանը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե ինքը իշխանության թեկնածուն է:
«Դաբրո կամ իշխանության թեկնածու հասկացողությունն ինձ հետ կապ չի ունեցել: ԱԺ նախագահի կողմից պարգեւատրումը կապ չունի քաղաքապետի թեկնածության հետ: Էն ընտրություններին, որին ցանկացել եմ մասնակցել, առաջնորդվել է գյումրեցիների ցանկությունով»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 18-ին ծննդյան 35-ամյակի առթիվ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով՝ հասարակական-քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի եւ ծավալած գործունեության համար:




























