Իշխանությունը հեղինակազրկված է եւ ՀՅԴ-ն կոալիցիա կազմելով իշխանության հետ, կկարողանա փոխել համակարգը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք ուզում ենք համակարգը փոխենք, եթե չփոխենք, նույնն է լինելու: Ուրիշ ճանապարհ չկա»,-ասաց նա:
NEWS.am-ի հարցին՝ թե դա՞ է միակ ճանապարհը համակարգային փոփոխությունների հասնելու համար, Ռուսատմյանը պատասխանեց. «Հայաստանում ուրիշ դաշտ չի մնացել իրական գործ անելու համար»: Դիտարկմանը, թե ինչու ընդդիմության հետ չշարունակեցին պայքարը, նա արձագանքեց. ««Ընդդիմությանը միացել էինք, քառյակին միացանք, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց: Թող քառյակը մնար գծի վրա, հիմա շատ ավելի հուժկու ձայնով մեր խնդիրները կլուծեինք: Դե թող շարունակեին, ինչու մի երկու ամիս չդիմացան, ուրեմն նշանակում է՝ սխալ մարտավարություն էին ընտրել: Եթե իշխանությունը հեղինակազրկված է, բոլորիս պրոբլեմն է, չէ՞, իսկ մենք համարում ենք, որ իրավիճակի վրա իրական ազդեցություն ունեցողը դա է: Հիմա մտնում ենք կոալիցիա, որ իշխանության մոտեցումները փոխվեն, երկրում իրավիճակ փոխվի»:
Արմեն Ռուստամյանը պորտֆելների վերաբերյալ հարցը պրիմիտիվ որակեց: «Բացատրում եմ մեր քաղաքականությունը, դուք նորից պորտֆելներ… ես խնդիր չունեմ համոզեմ նրանց, որոնք համոզված են հակադաշնակցական մոտեցումների մեջ: Ուզում ես մատներդ մոմ արա վառի, միեւնույն է Դաշնակցությանը քարկոծելու են, դա մենք տեսել ենք 125 տարի: Ոչինչ թող մեր վարկանիշի անկման հաշվին երկրի վիճակը փոխվի»,-ասաց նա:




























