Կա կոնտրետ ուղղվածություն՝ արհեստական քաղաքապետի թեկնածու եք դարձնում, հետո սկսում եք դեմս պայքարել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր՝ Գյումրիի քաղաքապետ դառնալու հեռանկարին:

Նա պնդել է, որ Գյումրիում իր ծննդյան տոնը չի ցուցադրվել հեռուստատեսությամբ: «Գյումրիում որպես այդպիսին ծնունդ չի ցուցադրվել: «Տարվա մարդ» միջոցառումն է եղել, մասնակցել են ԱԺ պատգամավորներ, նախագահ, նախարարներ, պարգեւատրվել եմ ԱԺ նախագահի կողմից, գյուղնախարարության կողմից: Ընդունված ֆորմատ է, որ միջոցառումներին հավաքվում են ռեստորանային համալիրում, պաշտոնական մասը լինում է, ուղիղ եթերում պարգեւատրում են: Այստեղից էլ հետեւություն՝ կա կոնտրետ ուղղվածություն՝ արհեստական քաղաքապետի թեկնածու եք դարձնում, հետո սկսում եք դեմս պայքարել»,-ասաց Մարտուն Գրիգորյանը:

Նա նշեց նաեւ, որ նույն միջոցառման ժամանակ ցուցադրվել է նաեւ Ավետիսյանների սպանությանը հաջորդած ցույցերից իր մասնակցությամբ տեսանյութ միայն որպես հիմնավորում, թե ինչու են պարգեւատրում:

Հիշեցնենք, որ «Գյումրիի 2015թ. տարվա մարդ» տիտղոսը Մարտուն Գրիգորյանին շնորհվել է հունվարի 18-ին՝ նրա ծննդյան օրը:  Նրան տիտղոս է տրվել «2015թ. հունվարի 15-ին Գյումրիում ժողովրդական աննախադեպ հուզումները մեղմելու եւ զանգվածային արյունահեղությունը կանխելու գործում ցուցաբերած անձնվեր վարքի և խիզախության համար»: