Ո՞վ է որոշում, թե ով է հեղինակազրկված, ով՝ ոչ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այն հայտարարությանը, թե իշխանությունը հեղինակազրկված է, եւ իրենք կոալիցիա են կազմում, որ իրավիճակը փոխվի:
«Այս պահին ճիշտ չեմ համարում, որեւէ մասնավոր կարծիք մեկնաբանել: Հեղինակությունը բարոյահոգեբանական, սոցիալ-հոգեբանական երեւույթ է եւ այս իմաստով, կարծում եմ, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք կառավարությունում ընդգրկվելու դեպքում, կարող են էլ ավելի արդյունավետ կառավարել, անկախ դրանից՝ որ կուսակցության ներկայացուցիչներ են: Կարող են լինել եւ Դաշնակցությունից, եւ Հանրապետականից, եւ Բարգավաճից եւ այլ ուժերից, բայց, այն, որ ամենաազդեցիկը Հանրապետականն է, փաստ է»,-ասաց Շարմազանովը:
Լրագրողների դիտարկմանը, թե ըստ Ռուստամյանի, Դաշնակցությունն է փորձում փրկել Հանրապետականի հեղինակությունը, Շարմազանովն արձագանքեց. «Փրկիչը մեկն է՝ Աստծո որդին, եկել փրկել է, մի մասը չի հասկացել, ով էլ, որ հասկանում է՝ երկրորդ գալուստի ժամանակ կփրկվի: Երկրի վրա փրկիչներ մի փնտրեք, փրկիչը մեկն է, որեւէ մեկը թող իր վրա փրկչի դերը չվերցնի»:




























