Հայ ռուսալեզու հանդիսատեսին լայնորեն հայտնի ռոմանսներ, որոնք չեն կարող չհուզել հոգին. դրանց ներշնչված կատարումը երիտասարդ երգիչ Արթուր Աղաջանովի կողմից, ռուս խորհրդային մեծ բանաստեղծ Սերգեյ Եսենինի բանաստեղծությունների ընթերցում գեղարվեստական խոսքի սքանչելի վարպետ Աննա Միքայելյանի կողմից: Հայաստանում Ռուսական Դաշնության դեսպանատան կինոհամերգային դահլիճ: Դահլիճը լցրած հանդիսատեսը կլանված էր ХХ դարի առաջին քառորդի անկրկնելի բանաստեղծի բարձր արվեստով, որի ամբողջ ստեղծագործությամբ կարմիր թելով անցնում է այնպիսի լայն եւ տարողունակ հասկացություն, ինչպիսին «ռուսականությունն է»:
Աննա Միքայելյանը լայն հանդիսատեսին հայտնի է Հոֆմանի «Շչելկունչիկը եւ Մկների արքան» հեքիաթի ընթերցանությամբ, որը հսկայական հաջողություն էր ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմից` Հայֆիլհարմոնիայի ամանորի գրական-երաժշտական ներկայացման շրջանակում (Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ նախագիծը, որը հեքիաթի ընթերցանության հետ ներկայացնում էր Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկ» հայտնի բալետի երաժշտությունը):
Եվ ահա Աննա Միքայելյանի` «Բայց մեկ է` հոգին չի պաղել…» գրական-երաժշտական երեկույթի հեղինակի եւ վարողի նոր հաջողությունը: Մեկ ու կես ժամվա ընթացքում հնարավոր էր վերհիշել երիտասարդ բանաստեղծի կայացման պատմությունը, համակվել նախահեղափոխական մթնոլորտով, զգալ Եսենինի ապրումները հանրային գիտակցության բեկման, հետամնաց գյուղացիական Ռուսիայի արդյունաբերական դառնալու գործընթացի սկզբի կապակցությամբ: Երեկույթի հեղինակին եւ բոլոր մասնակիցներին հաջողվեց համոզիչ կերպով բացահայտել Սերգեյ Եսենինի ներքնաշխարհը` լի ապրումներով եւ տառապանքներով, որոնք ողբերգական ավարտի էին հանգեցրել: Դահլիճը հոտնկայս ծափահարեց դերասաններին…





























