ՀՀ ԱԺ պատգամավոր, գյումրեցի Մարտուն Գրիգորյանը աշխատատեղերի ստեղծումից հետո Գյումրիում երկրորդ խնդիրը համարում է երկրորդային փողոցները կառուցելու խնդիրը:

«Գյումրիում երկրորդական փողոցներն այդ վիճակում թողնելն այժմ անհանդուրժելի է: Առաջնահերթ է փողոցաշինության խնդիրը»,- այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը:

Մարտուն Գրիգորյանը նշեց, որ իրենք դիմել են «Լույս» հիմնադրամին, աջակցություն են ստացել, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել երկու փողոցի կառուցման աշխատանքներ սկսել: Նրա խոսքով՝ փողոցներից մեկը 80 տոկոսով պատրաստ է, մյուսի կառուցման աշխատանքները սկսելու համար սպասում են եղանակային պայմանների բարելավվելուն:

Անդրադառնալով անօթեւանների խնդրին՝ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ երկրաշարժից հետո բնակարաններ ստանալու համար գրանցված մարդկանց թիվը նվազում է: Նրա խոսքով, չկա շենքերի հանձնման ծրագիր, կա բնակարանների գնման վկայագրեր հանձնելու ծրագիր,  ինչին ինքն ի սկզբանե դեմ է արտահայտվել:

«Վկայականները տրվում են, ում ձեռքը կլորիկ գումար ընկավ, աչքը արտագաղթելն է: Ու եթե առաջ տղամարդը գնում էր ՌԴ՝ որպես խոպան, աշխատած գումարները ուղարկում էր, Գյումրիում եղած հիմնարկությունները աշխատում էին, հիմա մարդիկ աշխատում են այնտեղ, այն գումարը, որ այնտեղ նորմալ է, այստեղ ոչինչ է, դրա համար տանում են իրենց ընտանիքներին, ինչը սարսափելի է, անհանգստացնում է»,- ասաց պատգամավորը: