ՌԴ Պետդումայի պատգամավոր, Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Սերգեյ Օբուխովը կարծում է, որ Թուրքիան պետք է ճանաչել որպես ահաբեկչությանն աջակցող երկիր, իսկ եթե հաստատվի թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության մասնակցությունը Սինայի թերակղզում A321-ը խոցելու գործին, ապա այն ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ռուսական հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ ռուսական A321 օդանավում ահաբեկչությունը կարող էր կազմակերպել «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպությունը, փոխանցում է Vesti-ն։
«Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հաշվի առնելով ԻՊ գրոհայինների հետ Անկարայի ունեցած հանցավոր կապերի անհերքելի ապացույցները՝ Ռուսաստանը վաղուց պետք է նախաձեռներ Թուրքիայի Հանրապետությունը որպես ահաբեկչության աջակցող պետություն ճանաչելու գործընթացը՝ դրանից բխող միջազգային հետեւանքներով»,- ասել է Օբուխովը։
Նա ընդգծել է, որ եթե հաստատվի, որ «Գորշ գայլեր» կազմակերպությունը կապ ունի ահաբեկչության հետ, ապա անհրաժեշտ է սպասել Ռուսաստանի կողմից այդ կազմակերպությունը պաշտոնապես ահաբեկչական ճանաչելուն եւ ՌԴ տարածքում դրա գործունեությունը արգելելուն ուղղված քայլերի։
Պատգամավորը կարծում է, որ միջազգային հարթակում նույնպես պետք է համապատասխան հակաահաբեկչական քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ «Գորշ գայլերին» ՄԱԿ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելը։




























