Պաշտոնական տվյալների համաձայն, անցյալ տարվա արդյունքներով, Հայաստանի պետբյուջեի եկամուտն աճել է, բայց զուտ խորհրդանշական եղանակով` 0,4 տոկոսով: Սակայն այդ աննշան տոկոսը պարտական են նոր հարկին` այսպես կոչված «նպատակային սոցիալական վճարներին»: Հիշեցնենք, որ այդ հարկը ժամանակին հանրության բուռն բողոքն էր առաջացրել եւ անցյալ տարի մտցվել էր ընդամենը պետական ոլորտում:
Առանց այդ վճարումների, պետական գանձարանի հարկային եկամտում «առաջընթացը» գոլորշիանում է եւ փոխարինվում 0,2 տոկոս անկումով: Այստեղ իր դերն է խաղացել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) կրճատումը, ինչը հարաբերականորեն` 1,5 տոկոսով դանդաղեցրել է հարկերի հավաքման ընդհանուր դինամիկան:
Հարկերի աճն ինչո՞ւ է անկումով փոխարինվել: Թվարկենք ընդամենը մի քանի պատճառ. անկասկած, այստեղ իր դերն է խաղացել նաեւ Ռուսաստանի տնտեսության ծանր ճգնաժամը: Դրա հետեւանքով մեր տնտեսության ծայրաստիճան կախումը «ռուսաստանյան» տրանսֆերներից ճակատագրական (չնայած` բավականին կանխատեսելի) դեր խաղաց: Դրա հետ միաժամանակ, զգալիորեն կրճատվեց մեր ապրանքների արտահանումը Ռուսաստան:
Մեր արտահանումը բոլոր երկրներ կրճատվեց 60,4 մլն դոլարով (կամ 3,9 տոկոսով), իսկ դեպի Ռուսաստան` 82,3 մլն դոլարով (կամ 26,7 տոկոսով): Այստեղ, մասնավորապես, զգալիորեն կրճատվել է հայկական կոնյակի արտահանումը: Հայրենական կոնյակի արտանողներից ընդամենը մեկի օրինակը բերենք:
Ինչպես հայտնի է, Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի ճնշող մասն արտահանվում էր Ռուսաստան: Պարզ է, որ այդ երկրում իրացման կրճատումն արտացոլվել է ձեռնարկության վիճակի վրա: Արդյունքում դա արտահայտվել է անցյալ տարի նրա վճարած հարկերի կտրուկ` 2,1 մլրդ դրամով (կամ մոտավորապես 30 տոկոսով) կրճատմամբ:
Արդյունաբերության մեջ առայժմ օգնում է մետաղների արդյունահանումը: Ասենք, արդյունաբերության առաջատարը` Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) անցյալ տարի 7,6 մլրդ-ով ավելի հարկ է վճարել, քան դրա նախորդ տարում: Դրա շնորհիվ, ԶՊՄԿ-ն բավականին բարելավել է իր «Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում» իր դիրքերը` չորրորդից տեղափոխվելով ավելի պատվաբեր երկրորդ տեղ:
Սակայն վերամշակման ոլորտի արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կրճատվել է 2,8 տոկոսով: Այսինքն հարկային բազան նվազել է: Դրան հավելվել է առեւտրի մեջ (ներառյալ ավտոմեքենաների վաճառքը) եւ ծառայությունների առանձին ոլորտներում ընթացիկ գներով շրջանառության անկումը:
Սմբատ Գրիգորյան


























