Ժողովրդի շրջանում կոալիցիայից դրական սպասումները պետք է առաջանան կոնկրետ քայլերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով ավելի վաղ արված իրենց հավաստիացումներին, թե իշխանության հետ կոալիցիա կազմելը պետք է ժողովրդի մոտ դրական սպասումներ առաջացնի: «Դուք որ նստում եք ինքնաթիռ, գիտե՞ք՝ ոնց է թռչում: Չգիտեք չէ՞, թե ոնց բարձրացավ օդ, մասնագետ չեք ու չգիտեք, բայց տեսնում եք թռավ ու համարում եք, որ կթռնի ու նստում եք: Հիմա մենք փոխել ենք մեր երկիրը, դարձրել էնպիսի համակարգ ունեցող երկիր, որը, այո, գնալու է առաջ, մենք դրանում համոզված ենք, դա կապացուցենք»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Հիշեցմանը, որ դրական սպասում առաջացնելու իրենց հայտարարությունը վերաբերում էր մինչեւ կոալիցիա կազմելու ժամանակահատվածին, հանրաքվեից հետո ի՞նչ քայլեր են արել, որոնք դրական սպասում կարող են առաջացնել, Ռուստամյանը պատասխանեց. «Հասկանալի է, բայց դրական սպասման խնդիրը առաջանում է քայլերը կատարելով, եթե մենք քայլեր կատարենք, իրավիճակի փոփոխություն կլինի: Կոալիցիայի մեջ գործ պիտի անես, նոր այդ գործով արդյունք ցույց տաս, էսօր գործ անելու դաշտը սա է: Դա ակնհայտ է: Ասում եմ՝ էս Սահմանադրությունը կյանքի կոչելու խնդիր կա, որտե՞ղ լինես, որ դա անես»:




























