Իրենց 4-5 ամսվա չստացած աշխատավարձը պահանջող Բյուրեղավանի Glass World Company շշերի գործարանի  աշխատակիցնրն այսօր` փետրվարի 1-ին, հանդիպել են Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց Glass World Company-ի աշխատակիցներից տիկին Անահիտը` հավելելով,  որ մարզպետը խոստացել է 1 ամսվա ընթացքում լուծել աշխատակիցների աշխատավարձի խնդիրը:

«Մարզպետի հետ համաձայնության ենք եկել,  կսպասենք, տեսնենք, եթե խոստացված ժամկետում չվճարեն մեր աշխատավարձը բողոքի ցույց կանենք: Այսօր ուզում էինք գալ Բաղրամյան 26-ի մոտ, բայց մարզպետի հետ համաձայնության եկանք»,-ասաց տիկին Անահիտը:

Նշենք, որ  Glass World Company շշերի գործարանի  շուրջ 150 աշխատակից  պահանջում են իրենց 4-5 ամսվա չստացած աշխատավարձը: Գործարանի տնօրենը աշխատակիցներին խոստացել էր մինչեւ 2015թ. դեկտեմբերի 15-ը վճարել  մի քանի ամսվա կուտակված աշխատավարձը, սակայն մինչեւ հիմա ոչ մի գումար չեն ստացել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Glass World Company ընկերության աշխատակիցները գործարանի դիմաց պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ իրենց աշխատավարձերի վճարման պահանջով: