Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի ուսանողների մի մասը, որոնց անունից այսօր՝ փետրվարի 1-ին, հայտարարություն էր տարածվել այն մասին, որ դասադուլ են հայտարարում աշխատանքից հեռացված տնօրեն Լեւոն Սահակյանին վերականգնելու պահանջով, դասադուլից տեղյակ չէ:

Քոլեջ եկած այն ուսանողները, որոնք հաստատեցին, որ մասնակցել են տնօրենին վերականգնելու պահանջով ստորագրահավաքին եւ դիմել են նախարարին, NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ դասադուլի մասին հստակ հայտարարություն եւ որոշում չի եղել:

Հունվարի 12-ից քոլեջի տնօրենի պարտականությունները կատարող Անահիտ Մազմանյանը NEWS.am-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ այսօր քոլեջ է հաճախել ուսանողների մեծ մասը, իսկ թե ովքեր են դասադուլ հայտարարածները, իրենք տեղյակ չեն:

«Մեզ մոտ դասադուլ չկա, ուսանողները դասի են գալիս: Եթե Լեւոն Սահակյանը  նպատակահարմար է գտնում ուսանողներին կազմակերպել, ստորագրություններ  հավաքել, դա իր խնդիրն է»,- ասաց Անահիտ Մազմանյանը:

Նշենք, որ այսօր ուսանողների անունից բաց նամակ էր տարածվել՝ ուղղված ՀՀ նախագահին ու վարչապետին: Նամակում ասվում է, որ իրենք հունվարի 18-ին դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին` խնդրանք-պահանջով, որպեսզի Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջի` աշխատանքից ազատված տնօրեն Լեւոն Սահակյանը վերականգնվի իր պաշտոնում, սակայն մինչեւ այժմ պատասխան չեն ստացել:

Նրանք պահանջը հիմնավորել են նրանով, որ Լեւոն Սահակյանը եղել է լավ տնօրեն, իրենց համար լավ ընկեր, աջակցել է պարապմունքների հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը, միշտ ընդառաջել է ուսանողներին թե որպես տնօրեն, թե որպես դասախոս: Նրանք նշել են, որ դասադուլ են սկսում մինչեւ այն ժամանակ, երբ կբավարարվի իրենց պահանջը եւ տնօրենը կվերականգնվի:

Ուսանողները, որոնք ստորագրել էին նախարարին ուղղված նամակի տակ, խուսափցին մեկնաբանություն տալ, որոշներն էլ նշեցին՝ Որոշ ուսանողներ նշեցին՝ «մեզ ասել են, մենք ստորագրել ենք»: