ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի պատգամավորական ապագայի վերաբերյալ արդեն առաջարկներ կան տարբեր քաղաքական թեւերից: NEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե 2017-ին ընդառաջ որոշակիորեն ուրվագծվե՞լ է իր քաղաքական ապագան, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Բնականաբար, մենք մտածում ենք այդ ուղղությամբ կան առաջարկներ ու բանակցություններ տարբեր տեղերից, տարբեր թեւերից»,-ասաց նա:

Հարցին, թե, օրինակ, իշխանությունից կա՞ առաջարկ, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես իշխանություն ասելով՝ հասկանում եմ Հանրապետական կուսակցություն, որտեղից առաջարկներ չեմ ստացել, երբ կլինի, կքննարկենք: Ես չեմ կարծում, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր պատգամավորին առաջարկի իր ցուցակով մասնակցելու 2017 թվականի ընտրություններին: Առայժմ ոչ մեկի մոտ ոչինչ ուրվագծված չէ, բոլորը բանակցային գործընթացի մեջ են, կամ նոր պիտի մտնեն: Կձեւավորվեն թիմեր, ավելի հստակ կլինի նաեւ իմ դիրքորոշումը»:

Լյուդմիլա Սարգսյանը դժվարացավ ասել՝ ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, թե՞ ՀՀԿ-ի ցուցակում է իր անունը հավանական համարում: Ասաց, թե դա իրենց վերակազմյալ ՍԴՀԿ-ում պիտի որոշվի: