Փետրվարի 1-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի դեկտեմբերին Բելգրադում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի արդյունքները, 2016թ. ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությանն առնչվող եւ ԵԱՀԿ մի շարք այլ օրակարգային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարության կարեւորությունը։ Անդրադարձ է արվել Բեռնում անցյալ տարեվերջին տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին։

Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը եւ շնորհակալություն հայտնել գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինին բեղմնավոր գործունեության համար: