«Արմենիա» բժշկական կենտրոնում հունվարի 2-ին հղիության 26-րդ շաբաթում մահացած 20-ամյա Գրետա Տոնոյանի հարազատներին կհանձնի նրա մահվանից առաջ կեսարյան հատումով հեռացված պտուղը: Մահացածի մայրը NEWS.am-ին ասաց, որ հիվանդանոցից իրենց զանգահարել են, ասել, որ կարող են գնալ, երեխայի մասունքները վերցնել:

«Իրեն բուժող բժիշկը զանգեց, ասեց՝ մասեր կան, որ կարող ենք տրամադրել: Մի ամիս է՝ մենք ուզում ենք, ասում էին՝ երեխա չկա, սկզբում ասեցին՝ 800 գրամ է եղել, հետո՝ 600 գրամ, հիմա էլ 500 գրամ»,- ասաց Գրետայի մայրը՝ տիկին Արմինեն:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ NEWS.am-ին տված հարցազրույցում մահացած հղիի մայրը ասել էր, որ բժշկական կենտրոնից իրենք պահանջում են պտուղը՝ այն Գրետայի կողքին հուղարկավորելու համար, սակայն չեն տրամադրում:

Գրետա Տոնոյանը մահացել է հունվարի 2-ին: Դեկտեմբերի 25-ին   ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն, ունեցել է ջերմություն: Նա մի քանի օր բուժում է ստացել այնտեղ, վիճակը վատացել է դեկտեմբերի 29-ին, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, ապա տեղափոխել «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանցման բաժանմունք, որտեղ կեսարյան հատում էին արել, դրանից երկու օր անց Գրետան մահացել էր: Գրետա Տոնոյանի հարազատները պնդում են, որ պատահածը բժիշկների անփութության հետեւանք է, նա ժամանակին ռենտգեն հետազոտության չի ենթարկվել: Բժիշկները պնդում են, որ ամեն ինչ արվել է ըստ անհրաժեշտության, Գրետայի մոտ զարգացել է սուր թոքաբորբ, որը կարող է անգամ մի քանի ժամում մահ առաջացնել