Նոր Ընտրական օրենսգրքով պետք է ամրագրվի քվեարկված ընտրացուցակների հրապարակումը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Միանշանակ պետք է հրապարակվեն քվեարկված ընտրացուցակներն ու մարդիկ պետք է իմանան դրա մասին: Մենք գտնում ենք, որ պետք է ապահովվի մի տեսակ քվեարկություն եւ գտնում ենք, որ 2017-ին պիտի իրականանա մի ձեւով: Եթե անցնում ենք էլեկտրոնային քվեարկության, պետք է լինի համաձայնեցված եւ ամբողջությամբ: Ես նկատի ունեմ տնից քվեարկելու հնարավարությունը, բայց սրան մենք դեռ պատրաստ չենք»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Բագրատյանը առաջարկում է նվազեցնել նաեւ կուսակցությունների անցողիկ շեմը` պայմանավորված պատգամավորների քանակի նվազմամբ։ «Քանի որ պատգամավորների շեմը 131-ից իջեցված է 101-ի, ուրեմն, անցողիկ թիվը պետք է լինի ոչ թե 5, այլ 3 տոկոսը: Բացի սրանից մենք առաջարկում ենք, որպեսզի ըստ օրենքի քվեարկելու իրավունք ստանան միայն այն քաղաքացիները, որոնք Հայաստանում քվեարկելու պահին ռեզիդինտ են: Այսինքն` վերացնել արտասահմանի քվեարկությունը կամ էլ ապահովել բոլորի քվեարկությունը: Ինչ է նշանակում դա: Մարդը ապրում է Ռուսաստանում, բայց  ՀՀ քաղաքացի է, եթե ուզում է քվեարկել այդ օրը, այդ օրվանից 6 ամիս առաջ կամ մի տարի առաջ պիտի էստեղ ապրած լինի, երբ որ գալիս է ու հայտնում, որ եկել է, գրանցվում է ու ստանում քվեարկելու իրավունք: Դրսի քվեարկությունը կեղծ է: Այս կետի ընդունումը թույլ է տալիս, որ մենք մաքրենք ընտրացուցակները»,-մանրամասնեց Հրանտ Բագրատյանը:

Մեր զրուցակիցը մտահոգություն ունի համամասնական ռեյտինգային ընտրակարգի հետ կապված, կարծում է, որ փորձ է արվում նմանեցնել մեծամասնական ընտրակարգին:

«Դեռ չի երեւում` իրականում ինչ է լինելու, բայց մեծամասնականին են ուզում նմանեցնել, սա անթույլատրելի է: Օրինակ` «Ազատություն» կուսակցությունը եկավ քվեարկեց, ունեցավ իր 30 տոկոսը, ռեյտինգայինը պիտի վերաբերի միայն կուսակցության ցուցակում գտնվող թեկնածուների 30 տեղին, թե ովքեր են անցնել այդ կուսակցությունից»:  Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ իր առաջարկները բազմաթիվ են, սակայն դրանք ավելի կհստակեցվեն ու կհնչեցվեն նախագիծը խորհրդարաան ներկայացնելուց հետո: