Իշխանությանը հեղինակազրկված ասելով` Արմեն Ռուստամյանը նկատի է ունեցել այն ժամանակահատվածը, երբ Դաշնակցությունը իշխանության հետ կոալիցիայի մաս էր կազմում: NEWS.am-ի հետ զրույցում դաշնակցական գործընկերոջ հայտարարությանն այսպես հակադարձեց իշխանության ներկայացուցիչը` ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Եթե Արմեն Ռուստամյանը նման միտք է արտահայտել, կարծում եմ` նկատի ունի էն ժամանակահատվածը, երբ իրենք կոալիցիայի մաս էին: Չեմ կարծում, որ դաշնակցությունը պիտի հեղինակազրկված իշխանության հետ գա կոալիցիա կազմի: Դաշնակցական գործընկերների հետ մեր հարաբերությունները այլ հարթության մեջ են, եթե դա Ռուստամյանի տեսակետն է, կարծում եմ` ինքն էլ պետք է մեկնաբանի` ինչի է ասել»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Նշենք, որ փետրվարի 1-ին Ազգային Ժողովում իշխանության հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտությունն հիմնավորելով` Արմեն Ռուստամյանը նշեց, որ դա իրավիճակը փրկելու միակ ճանապարհն է` այնուամենայնիվ համաձայնելով, որ իշխանությունը հեղինակազրկված է:  «Հայաստանում ուրիշ դաշտ չի մնացել իրական գործ անելու համար: Եթե իշխանությունը հեղինակազրկված է, բոլորիս պրոբլեմն է, չէ՞, իսկ մենք համարում ենք, որ իրավիճակի վրա իրական ազդեցություն ունեցողը դա է: Հիմա մտնում ենք կոալիցիա, որ իշխանության մոտեցումները փոխվեն, երկրում իրավիճակ փոխվի… Ոչինչ թող մեր վարկանիշի անկման հաշվին երկրի վիճակը փոխվի»: