Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հերքում է, որ նախօրեին Ազգային ժողովում երկու անգամ է նույն հարցը դրել քվեարկության:

«Առաջին անգամ քվեարկության է դրվել ԱԺ 5-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգի 1-ին մասը, իսկ երկրորդ անգամ՝ փետրվարի 1-ից 4-ն ընկած չորսօրյա նիստերի օրակարգի առաջին մասը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը փետրվարի 2-ին գրել էր. «ԱԺ գարնանային նստաշրջանը երեկ սկսվեց զավեշտալի միջադեպով, միայն թե, իրենք՝ ԱԺ պատգամավորներն այդպես էլ գլխի չեն ընկել կատարվածի մասին։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շփոթել է եւ ԱԺ այս նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգը երկու անգամ է դրել հաստատման, եւ պատգամավորներն էլ երկու անգամ քվեարկել են նույն հարցի օգտին»: