2015 թվականին Ադրբեջանը շարունակել է արհամարհել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ իրեն ուղղված վերոհիշյալ կոչերը, գնացել է իրավիճակի առավել սրմանը, ինչի պատճառով չի հաջողվել առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցերում: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2015 թվականի տարեկան հաշվետվության մեջ:
«Հաշվետու տարում նոր թափ են ստացել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Արցախ –Ադրբեջան շփման գծում, այդ թվում նաեւ` մեծ տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, ներառյալ` քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասված է հաշվետվությունում:
Նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 27ի հատուկ հայտարարությամբ Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալ հիմնախնդրի խաղաղ կարգավորման իր հանձնառությանը, մտահոգություն են հայտնել բանակցային գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերի եւ ԵԱՀԿ դիտորդների գործունեության վերաբերյալ հնչեցվող քննադատության վերաբերյալ:
«2015թ. մայիսի 3ին Արցախում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որոնք դիտարկած բազմաթիվ միջազգային դիտորդներ գնահատել են դրական:
Չնայած Ադրբեջանի սպառնալիքներին՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պարբերության պատճառով վետո կիրառել մայիսի 22ին Ռիգայում կայացած ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների գագաթաժողովի Հռչակագրի նկատմամբ՝ ԵՄ անդամ 28 երկրների եւ Արեւելյան գործընկերության 5 պետությունների ղեկավարներն ընդունված Հռչակագրում իրենց աջակցությունն են հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ կարեւորել համանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարությունները՝ որպես հիմնահարցի հանգուցալուծման հիմք: Ի նշան բողոքի` Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը՝ արտգործնախարարը, լքել է գագաթաժողովը։
Սեպտեմբերի 25ին Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքներով հանդես գալով հայտարարությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շեշտել են հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը` ընդգծելով, որ Հայաստանը համաձայնել է այդ առաջարկի հետ, եւ հորդորել են Ադրբեջանին անել նույնը:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ նույն հանձնաժողովի անդամ Էլիոթ Էնգելը հանդես են եկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահին ուղղված բաց նամակով, որին միացել են 83 կոնգրեսականներ: Նամակում նրանք իրավացիորեն ընդգծում են, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ արհեստական հավասարության նշան դնելը, անհասցե եւ ընդհանրական հայտարարությունները չեն կարող հանգեցնել լարվածության նվազեցմանը, հակառակը` նպաստում են իրավիճակի սրմանը:
Կոնգրեսականները կոչ են անում՝ հետ քաշել դիպուկահարներին, ստեղծել զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ, ավելացնել շփման գծում ԵԱՀԿ դիտորդների քանակը:
Նոյեմբերի 9ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան, կտրականապես դեմ են, որ հետեւողական, գործնական, համբերատար երկխոսության փոխարեն փորձ արվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը տեղափոխել դրանով չզբաղվող միջազգային այլ հարթակներ: Նա շեշտել է, որ եռանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիազորված հավաքական միջնորդ են, եւ ցանկացած կտրուկ, ծայրահեղ գործողություն, ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն, միայն վնասում են գործընթացին եւ համանախագահների աշխատանքին։
Արձագանքելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ քննարկումները ԵԽԽՎ եւ այլ ձեւաչափեր տեղափոխելու Ադրբեջանի փորձերին` համանախագահները նոյեմբերի 12ին եւս մեկ անգամ հայտարարել են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափը օժտված է միջնորդության միջազգային մանդատով եւ վայելում է միջազգային հանրության վստահությունը: Միջնորդները շեշտել են նաեւ, որ կարգավորման գործընթացի ձեւաչափը փոխելու կամ զուգահեռ հարթակներ տեղափոխելու փորձերը կարող են խաթարել բանակցային գործընթացը եւ խոչընդոտել կարգավորմանը:
Դեկտեմբերի 3ին Բելգրադում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում արված հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարարը, Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետական քարտուղարը, կրկին շեշտել են, որ բանակցային գործընթացի հետընթացում Մինսկի խմբի համանախագահներին մեղադրելու ցանկացած փորձ նպատակ է հետապնդում քողարկել քաղաքական կամքի բացակայությունը, ինչը շարունակում է հանդիսանալ խաղաղության հասնելու գլխավոր խոչընդոտը։
Եռանախագահ երկրները դատապարտել են հրադադարի շարունակական խախտումները, ծանր հրետանու կիրառումը: Նրանք շեշտել են, որ բանակցային, խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանն այլընտրանք չկա, եւ կոչ են արել կողմերին վերահաստատել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման հանձնառությունը, համաձայնություն տալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:
Դեկտեմբերի 19–ին Բեռնում շուրջ մեկ տարվա դադարից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը եւ հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները:
Արհամարհելով համանախագահների հասցեական հայտարարությունները եւ կոչերը՝ Բաքուն տարվա ընթացքում գնացել է նոր սադրանքների` ավելացնելով լարվածությունը շփման գծում եւ Հայաստան Ադրբեջան սահմանին, շարունակել հիմնախնդրի կարգավորման քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը, համանախագահների հասցեին սուր քննադատությունը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ նրա թիմի լիազորությունների եւ նրանց գործունեության սահմանափակմանն ուղղված քայլերը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկության մերժումը:
Տարվա ընթացքում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում Հայաստանը բազմաթիվ առիթներով վերահաստատել է իր վճռականությունը՝ շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-ասված է հաշվետվությունում:




























