ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունված զեկույցը ձախողում է Հայաստանի համար, հետնահանջ արտաքին քաղաքականության համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա հորդորեց ՀՀ իշխանություններին ադեկվատ գնահատել եւ վերլուծել ստեղծված իրավիճակը՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար:
«Որո՞նք են ՀՀ իշխանությունների սխալները: Նախ եւ առաջ կոնցեպտուալ սխալներ կան, քանի որ եւ Քոչարյանը, եւ Սարգսյանը միջազգային հանրությանը հայտարարեցին, թե մենք ներկայացնելու ենք նաեւ Արցախը: Միջազգային հանրության, նախագահների համար սա հարմար սխեմա էր, սակայն բանակցային տեխնիկայի առումով սա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար հարմար չէ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ սխալն այն է, որ Հայաստանում չկա կոորդինացման կենտրոն, որը կհամակարգի դիվանագիտական կորպուսի եւ հայկական պատվիրակության աշխատանքը. «Երրորդ սխալը հայկական պատվիրակության դեստրուկտիվ կեցվածքն է»:
Ինչ վերաբերում է հակահայկական զեկույցներին, ՀԱԿ խմբակցության ղեկավար պնդմամբ, Ուոլթերի զեկույցի դեպքում Հայաստանի հաջողության 70 տոկոսը կարելի է վերագրել ԵԱՀԿ Մինսկի խմբին, 15 տոկոսը՝ ՀՀ դիվանագիտական կորպուսին եւ միայն 15 տոկոսը՝ հայկական պատվիրակությանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն 2016թ. հունվարի 26-ին քվեարկությամբ մերժել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը, սակայն ընդունել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» թեմայով հակահայկական զեկույցը։




























