ՀՅԴ-ն վստահ է, որ Սերժ Սարգսյանը մնալու է իշխանության եւ այդ պատճառով փորձում է թռիչք կատարել գնացքի վերջին վագոնը՝ հաջորդ խորհրդարան մտնելու համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիային:

«Արմեն Ռուստամյանը նախօրեին շատ հստակ ասաց՝ ՀՀԿ-ն հեղինակազրկված է: Պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում. կոալիցիա կազմել պատրաստվող ուժն էլ է համոզված, որ ՀՀԿ-ն գոյություն չունի: Դաշնակցությունն ի՞նչ է, քաղաքական ինքնասպան է, մահապարտ է, պատրաստ է այսպես ասած հանուն մեծ գործի իրենց պայթեցնել: Բնականաբար ոչ, նրանց հաշվարկը շատ պարզ է՝ ՀՅԴ-ում վստահ են, որ Սերժ Սարգսյանը մնալու է իշխանության գլուխ եւ նորից խախտումներով անցկացնել, ու փորձում են թռիչք կատարել գնացքի վերջին վագոնը, որ մտնեն խորհրդարան»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն այժմ բանակցում է ՀՅԴ-ի հետ՝ հետագա համագործակցության հարցով: Դեռեւս հայտնի չէ՝ ինչ ձեւաչափով կլինի այդ համագործակցությունը: