Մոտ ժամանակներս պլանավորվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոր հանդիպում կազմակերպել։ Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Անդրադառնալով բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու մասին հարցին՝ նախարարը նշել է, որ միջնորդները ստիպված են շատ ջանքեր գործադրել ոչ թե առաջընթացի հասնելու, այլ իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերը կանխելու համար։ Նախարարը հիշեցրել է, որ անցյալ տար միջնորդները մի քանի հայտարարություն են արել, ընդ որում, դրանց մի մասը հասարակության կարծիքով անհասցե էր։ Ադրբեջանը ձեւացնում էր, թե դրանք իրեն չեն վերաբերում։ Արդյունքում միջնորդները ստիպված էին ուղղակիորեն նշել, թե ում են վերաբերում հայտարարությունները, եւ կոչ անել կատարել ստանձնած պարտավորությունները։ «Եվ ի՞նչ։ Ադրբեջանը հաստատե՞ց։ Համանախագահները կոչ արեցին հարգել հրադադարը։ Ադրբեջանը հարգե՞ց։ Համանախագահները խստորեն դատապարտեցին ծանր զինատեսակ օգտագործելը։ Իսկ ո՞վ է այն օգտագործում։ Այստեղ առանձնապես հետաքննություն անցկացնել պետք չէ։ Նրանք կոչ արեցին դադարել համանախագահների քննադատությունը։ Քննադատությունը շարունակվում է հնչել ամենաբարձր մակարդակով։ Սակայն պետք է հիշենք, որ միայն Մինսկի խումբը միջազգային հանրությունից, այդ թվում՝ Ադրբեջանից մանդատ ունի»,- նշել է արտգործնախարարը։
Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ աշխարհում չկա որեւէ այլ հակամարտություն, որի կապակցությամբ ընդունված լինի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների 5 հայտարարություն։ «Դա միայն այդ երկրների կարծիքը չէ, այլ ողջ միջազգային հանրության»,- նշել է նախարարը։
Նալբանդյանը նաեւ հիշեցրել է Ռիգայի գագաթնաժողովում ադրբեջանական կողմի պահվածքը։ Նախարարը հիշեցրել է, որ ամփոփ փաստաթղթում դրույթ կար, որը վկայակոչում էր Ղարաբաղի հարցով համանախագահների հայտարարությունը։ «Ադրբեջանի պատվիրակությունը որոշեց լքել գագաթնաժողովը։ Ուղղակի փախան։ Բոլորն ասում էին՝ վերադարձրեք ադրբեջանցի նախարարին։ Արդյունքում մնացած բոլոր անդամները ստիպված էին մոտ մեկ ժամ սպասել, մինչեւ եվրոպական կողմի եւ Ադրբեջանի ղեկավարության բանակցությունները հաջողությամբ կպսակվեն»,- ասել է Նալբանդյանը։
Այդ կապակցությամբ նախարարն ընդգծել է, որ առաջընթացը հնարավոր չէ, քանի դեռ կողմերից մեկը ջանքեր է գործադրում համանախագահների ջանքերը տապալելու համար։ «Բայց մենք կշարունակենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ աշխատել խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասել է Նալբանդյանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին որպես բանակցող կողմ ներգրավելու անհրաժեշտությանը՝ նախարարը հիշեցրել է, որ այդ մասին բազմիցս խոսել են միջնորդները, դա հիշատակվում է փաստաթղթերում։ Ընդ որում, խոսքը ոչ թե եզրափակիչ փուլում ԼՂՀ մասնակցության մասին է, այլ ողջ բանակցային գործընթացում։




























