Դսեղ գյուղում փետրվարի 1-ի երեկոյան բանակի քեֆի ժամանակ հնչած կրակոցների հետեւանքով ոտքի հրազենային վնասվածք ստացած Վանաձորի 43-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանի վիճակը ծանր է, նա գտնվում է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, NEWS.am-ին տեղեկացրին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից՝ նշելով, որ հիվանդի գիտակցությունը տեղն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 1-ին, Դսեղում հնչած կրակոցների հետեւանքով սրունքի շրջանում հրազենային վիրավորում ստացած Վանաձորի 43-ամյա բնակչին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, ապա Երեւանից հրավիրված «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել Երեւան:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում փետրվարի 1-ին երեկոյան բանակի քեֆի ժամանակ ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում կրակոցներ են հնչել եւ մեկ հոգի վիրավորվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 112-րդ հոդվածի 1 մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերել, պահելը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։



























