ՀՀ հատուկ քննչական ծառայության փետրվարի 1-ին անցկացված ընդլայնված խորհրդի նիստում ամփոփվել են նախորդ տարվա կատարած աշխատանքները:
ՀՔԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2015թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 761 քրեական գործ: Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 761 քրեական գործից ավարտվել է` 376 քրեական գործ կամ 49,5 տոկոսը, որոնցից 89-ը` 122 մարդու նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1-ը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար է ուղարկվել դատարան, իսկ 266-ը` կարճվել է: Փաստորեն՝ 2014թ. 235 գործի համեմատ ավարտվել են 141 գործով ավելի:
Դատի տրված 122 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 37-ը, 6 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ 79 անձի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց: Նախաքննությունն ավարտված 299 քրեական գործերից 110-ը /այսինքն՝ 36,8 տոկոսը/ ավարտվել է մինչեւ 2 ամիս ժամկետում:
2015թ. ընթացքում ավարտված (դատարան ուղարկված եւ կարճված) քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 88 մլն 257 հազար դրամ, որից պետությանը՝ 30 մլն դրամ, իրավաբանական անձանց՝ 979 հազար դրամ եւ ֆիզիկական անձանց՝ 57 մլն 278 հազար դրամ:
Ծառայության քննիչների վարույթում քննված 761 քրեական գործից 356-ը եղել է պաշտոնեական եւ կոռուպցիոն բնույթի (նախորդ տարվա 248-ի դիմաց, այսինքն՝ 108-ով ավելի): Ավարտվել են այս բնույթի 193 քրեական գործ, այդ թվում՝ 31-ը` 52 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 162 գործի վարույթ կարճվել է: Ինչպես պաշտոնեական եւ կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 72 պաշտոնատար անձ:



























