«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «6000 վստահված անձ» նախագիծը մեկնարկել է, դրան կարելի է անդամագրվել առցանց: Նախագծի կայքի (v6000.am) շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 2-ին:

«Այս նախագծով մի գործընթաց ենք սկսում, որի նպատակը բուն ընտրական գործընթացը վերահսկելն է: 6000 վստահված անձ ունենալը կարեւորագույն բաղադրիչն է ինստիտուցիոնալ ընդդիմության, որը մենք ձեւավորում ենք: Ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը չի իրականացնում ընտրական տեղամասերի վերահսկողությունը: Մենք նախատեսում ենք, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում ունենանք 3-ական վստահված անձ, որոնք կկարողանան վերահսկել ընտրությունների ընթացքը»,- այսօր՝ փետրվարի 2-ին, կայքի շնորհանդեսին ասաց կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ եթե այս նաախագիծն իրագործվի, իշխանափոխությունն իրական է դառնալու:

Նախագծին մասնակցելու համար պարտադիր չէ լինել կուսակցության անդամ, գրանցումը կատարվում է առնցանց: Կուսակցության նախագահի խոսքով՝ մինչեւ ընտրությունների սկիզբը գրանցվածների հետ դասընթացներ են կազմակերպվելու՝ ընտրությունների ընթացքը վերահսկելու վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ տարբեր ակցիաների, միջոցառումների միջոցով փորձելու են վստահված անձանց թիվը հասցնել 6000-ի: Եթե չհաջողվի 6000 վստահված անձ ունենալ, այնուամենայնիվ, կուսակցությունը կմասնակցի 2017թ. ընտրություններին:

«Ընտրությունների սկզբին մենք հայտարարելու ենք, թե որքանով ենք ձեւավորել մեր ծրագիրը, որքանով ենք պատրաստ ընտրությունների, փորձելու ենք լուծումներ գտնել մինչեւ ընտրությունները: Բավական բարդ է իրագործել նախագիծը, բայց բոլոր նախադրյալները կան ասելու, որ հաջողություն ենք ունենալու»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Կուսակցությունը չի բացառում նաեւ հետընտրական գործընթացը, 

«Մենք թավշյա հեղափոխություն կիրականացնենք, եթե ունենաք բավարար ապացույցներ, որ հաղթել ենք ընտրություններում: Հաջորդ օը հանրահավաք կհրավիրենք, բոլոր արձանագրությունները կներկայացնենք»,- ասաց կուսակցության նախագահը:

Անդրադառնալով այլ ուժերի հետ դաշինքներ կազմելու հարցին, Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ հարցն առաջիկայում կքննարկեն խորհրդի անդամները:

«Ինքս կարծում եմ, որ դաշինքային գործունեությունն իրեն սպառել է ՀՀ-ում: Որեւէ հաջողության մինչեւ հիմա դաշինքները չեն հասել»,- ասաց նա: