ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել իշխանության հետ, որպեսզի հետեւի նոր Սահմանադրությամբ նախատեսված նոր օրենքների ընդունմանը։ Այս մասին փետրվարի 2-ին խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

«Երբ ինչ-որ քաղաքական ուժ սկսում է համագործակցել իշխանության հետ, նրա մասին սկսում են անմիջապես ասել, թե նա իշխանական ճամբարում է։ Մենք արդեն վարժվել ենք, բայց պատրաստ ենք դրան՝ հանուն մեր երկրում փոփոխությունների, որոնք կարեւոր ենք համարում»,- ասել է Ռուստամյանը։

Հարցին, թե ինչ տարաձայնություններ ունի կուսակցությունը իշխանության հետ, Ռուստամյանը պատասխանեց, որ նախընտրում է խոսել շփման եզրերի մասին, որոնց հիմքերն ավելի շատ են։ Դրանք առաջին հերթին Սահմանադրական բարեփոխումներն են։ «Մենք պատրաստ ենք մեր երկրի հիմնական օրենքի ոգուն եւ տառին համապատասխան աշխատել օրենսդրական բարեփոխումների շուրջ»,- ասել է նա։